Նոր հեքիաթ. Աննա Հակոբյանը հերքել է Անթալիայում 100 հազար եվրո արժեքով հանգստի լուրը և հայտնել՝ Սյունիքում էին

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հերքել է թուրքական մամուլում հրապարակված լուրն այն մասին, թե ՀՀ վարչապետի տիկինը իր հանգիստն անցկացրել է Թուրքիայի Անթալիա քաղաքում։ 


Լուրը հրապարակել է թուրքական Sozcu թերթը՝ նշելով, թե իբր ՀՀ վարչապետի տիկինը հունիսի 19-22-ը հանգստացել է Անթալիայի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում, իսկ հանգստի վրա ընդհանուր ծախսվել է ավելի քան 100 հազար եվրո։ 


Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ նշված օրերին ինքը եղել է ՀՀ Սյունիքի մարզում։ 


«Նոր հեքիաթ իմ մասին։ 


«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն անցյալ շաբաթավերջին Անթալիայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում անցկացրած իր արձակուրդի ժամանակ ծախսել է ավելի քան 100 հազար եվրո։ 


Բնականաբար, բազմաթիվ հարցեր են ծագել, թե ինչպես է Աննա Հակոբյանի կողմից հունիսի 19-ից 22-ը «Տիտանիկ Մարդան Փելես հյուրանոց»-ում անցկացրած երեք օրվա արժեքը կազմել այդքան աստղաբաշխական թիվ։ 


Պարզվեց, որ Հայաստանի առաջին տիկինը սկզբում բնակություն է հաստատել նախագահական շքեղ համարում՝ «King Suite»-ում, որի մեկ գիշերվա արժեքը 6 հազար եվրո է։ Պարզվեց, որ բացի նշված շքեղ սենյակում մնալուց, տիկին Հակոբյանը հիմնականում ծախսել է շքեղ իրերի վրա, ինչպիսիք են շամպայնի լոգարանը, անձնական յոգայի մարզիչը, անձնական սպասուհին, զբոսանավի վարձակալությունը և մինի բարը»։


Իմ մասին է։ Լավ հեքիաթ է, որը մեր անթասիբ, տգետ եւ անհայրենիք լրագրող-թերթոնները հրճվանքով տարածում են։


Իսկ իրականությունն այն է, որ նշված օրերին ես աղջիկներիս հետ ճամփորդում էի Սյունիքի մարզում։ 


Ինչ ասեմ, հիանալի՜ ժամանակ անցկացրեցինք։ Երեւանից ուղեւորվեցինք հունիսի 19-ի առավոտյան՝ ճաշեցինք Harsnadzor Eco Resort-ում, եղանք Wings of Tatev-ում, զբոսնեցինք եւ գիշերեցինք Գորիսում՝ HarMar հյուրանոցում։


Հունիսի 20-ին Գորիսից ճանապարհ ընկանք Կապան. ողջ օրը անցկացրեցին հիանալով Խուստուփ լեռով, քաղաքով, Վաչագան գետով, մարդկանցով, ճաշեցինք AntariProject-ում, անմահական խնձորով շտրուդել վայելեցինք Caffè 48-ում։ 


Աղջիկներս Կապանից մեկնեցին Մեղրի, իսկ ես վերադարձա Երեւան, միայն այն պատճառով, որ հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Մարալիկում «Կրթվելը նորաձեւ է» շարժման հերթական բանախոսությունն էր պլանավորված։ 


Ինչ մեղքս թաքցնեմ՝ կիրակի օրը, այսինքն՝ հունիսի 22-ին, ողջ օրը անցկացրել եմ տանը եւ դա ապացուցող ոչ մի փաստ՝ լուսանկար չունեմ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հակոբյանը՝ հրապարակելով լուսանկարներ Սյունիքի մարզ կատարած ճամփորդությունից։