«Հայաստանի համար ամենահուսալի անվտանգության երաշխիքները ՌԴ-ի հետ երկկողմ և ՀԱՊԿ-ի շրջանակներում համաձայնագրերն են». Գալուզին

Ռուսաստանը համարում է «իր անվտանգությանը սպառնացող» և «անընդունելի» ՆԱՏՕ-ի փորձերը՝ «իր շարքերը ներգրավելու» հետխորհրդային երկրներին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը։


«Անընդունելի ենք համարում ՆԱՏՕ-ի փորձերը՝  իր շարքերը ներգրավելու հետխորհրդային երկրներին։ Նման փորձերն ինքնին սպառնալիք են մեր անվտանգությանը»,- պնդել է Գալուզինը:


«Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հստակ արտահայտվել է Ռուսաստանի նախագահի կողմից անցյալ տարվա հունիսի 14-ին՝ արտաքին գործերի նախարարությունում ունեցած իր ելույթում. ուկրաինական ճգնաժամի ապագա կարգավորման հիմնական տարրերից մեկը Ուկրաինայի՝ դաշինքից դուրս, չեզոք և ոչ միջուկային կարգավիճակն է...»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը։  


Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, Գալուզինի խոսքով, Երևանի համար «ամենահուսալի անվտանգության երաշխիքները Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրերն ու ՀԱՊԿ շրջանակներում կնքված համաձայնագրերն են»։


«Մենք կարծում ենք, որ մեր դաշնակից Հայաստանի համար ամենահուսալի և գործող անվտանգության երաշխիքները, մեր տեսակետից, Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրերն ու ՀԱՊԿ շրջանակներում համաձայնագրերն են։ ...Հայաստանը մնում է կազմակերպության անդամ, և ՀԱՊԿ-ի անվտանգության բոլոր երաշխիքները տարածվում են նրա վրա»,- ամփոփել է ռուս դիվանագետը։