Եվրասիական տնտեսական միության կառույցները կքննարկեն միջոցները, որպեսզի միության պահանջներին չհամապատասխանող ապրանքները չհայտնվեն ԵԱՏՄ շուկայում՝ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման գործընթացի պատճառով, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք հետևում ենք Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման շրջանակներում տեղի ունեցող
գործընթացներին։ Նշում ենք, որ Հայաստանի Հանրապետության իրավական-նորմատիվ բազայում հայտնվում են նորմատիվային ակտեր, որոնք պարզեցնում են Եվրասիական տնտեսական միության անդամ
չհանդիսացող պետություններից պարենային ապրանքների սերտիֆիկացման որոշ կանոններ։ Սա նշանակում է, որ ԵԱՏՄ
ներքին շուկայում կարող են հայտնվել ապրանքներ, որոնք չեն համապատասխանում մեր պահանջներին»,-
լրագրողներին ասել է Օվերչուկը։
Նա հավելել է, որ
այս հարցը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
«Ես պատրաստվում եմ
ստորագրել նամակ՝ ուղղված իմ գործընկերոջը (ԵՏՀ խորհրդի անդամ, Հայաստանի
փոխվարչապետ) Մհեր Հերբերտովիչին (Գրիգորյան) այն մասին, որ, մեր կարծիքով, այս
գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին։
Համապատասխանաբար, մենք կքննարկենք համապատասխան միջոցներ կիրառելու հարցը»,- ասել
է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետը
հավելել է, որ Ռուսաստանը միշտ կհարգի հայ ժողովրդի ընտրությունը, սակայն անհնար
է, որ երկիրը միաժամանակ գտնվի ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում։