Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի և փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը և Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանի եւ   փոխնախագահ Դինա Տիտուսի հետ: 


  
Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարևոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման գործում և կարևորել այդ համագործակցության շարունակականությունը, մի շարք ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: 
  


Հանդիպումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցությունների մանրամասները, քննարկվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության առանձնահատկությունները: