Սա քաղաքական սնանկության գագաթնակետն է՝ զուգորդված հոգևոր մանիպուլյացիայով. Բաբաջանյանը` Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հնարավոր առաջադրումն որպես վարչապետի թեկնածու՝ ոչ միայն քաղաքական զավեշտ է, այլ վտանգավոր հարված՝ ուղղված թե՛ պետության սահմանադրական հիմքերին, և թե՛ Հայ Առաքելական Եկեղեցու վարկին ու սրբությանը։ Սա ոչ թե առաջարկ է, այլ սադրանք։ Ոչ թե լուծում, այլ խեղում։ Սա քաղաքական սնանկության գագաթնակետն է՝ զուգորդված հոգևոր մանիպուլյացիայով։


Սա արդեն ոչ թե անհեռատեսություն է, այլ համակարգված փորձ՝ պետության փոխարեն հենվել եկեղեցու հեղինակության վրա՝ սեփական քաղաքական վակուումը լրացնելու համար։


Ով նման բան է նախաձեռնում կամ օրհնում, հայտարարում է հետևյալը. «Հայաստանում չկա լեգիտիմ խորհրդարանական ընդդիմություն։ Մնում է դիմել եկեղեցուն՝ իբրև վերջին պատրանքի։» Բայց հենց այդ քայլով է ոչնչացվում և՛ ընդդիմության լեգիտիմության վերջին մնացորդը, և՛ եկեղեցու հոգևոր անաչառության ու բարձրության գաղափարը։


Եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը թույլ տա այս զարգացումը, եթե չսաստի այս նոր փորձը հոգևորականին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու, ապա կստացվի, որ ինքը լեգիտիմացնում է ապօրինությունը, հրահանգում է խաղալ Սահմանադրության հետ, և լռելյայն օրհնում է իշխանափոխության անընդունելի մեխանիզմը։ Իսկ դա կդառնա ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր պարտություն՝ ազգի ու եկեղեցու համար։


Եկեղեցին պետության ներսում սրբություն է, ոչ թե պետության փոխարինող։ Ով փորձում է խաչով փոխարինել ընտրություններով ստացած մանդատը՝ ոչ թե սրբացնում է իշխանությունը, այլ պղծում է հավատքը։


Հիմա վճռական պահ է։ Կաթողիկոսը պարտավոր է կանգնել ոչ թե անհատների կամ խմբերի կողքին, այլ՝ Հայ Առաքելական Եկեղեցու արժանապատվության և պետության սահմանադրական կարգի պաշտպանության, որովհետև այս խաղի մեջ կորչում է ոչ միայն հոգևորականի կերպարը, այլև ազգի վստահությունը՝ թե՛ եկեղեցու, և թե՛ պետության նկատմամբ։ Իսկ այդ վստահությունը երբ մի անգամ փլվում է, չի վերականգնվում ո՛չ աղոթքով, ո՛չ քարոզով։