ՌԴ-ն Telegram-ի միջոցով ուկրաինացի անչափահասներին հավաքագրում է և դրամական պարգևներ առաջարկում դիվերսիաներ իրականացնելու համար. FT

Ռուսաստանը զանգվածաբար հավաքագրում է ուկրաինացի անչափահասների՝ դիվերսիաներ իրականացնելու համար: Financial Times-ի տվյալներով՝ հավաքագրումն իրականացվում է Telegram-ի միջոցով. դեռահասներին առաջարկվում են դրամական պարգևներ առաջադրանքներ կատարելու համար՝ ռազմական օբյեկտների կոորդինատների փոխանցում, հրդեհների կազմակերպում, պայթուցիկ նյութերի տեղադրում:


Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է Դնեպրի 16-ամյա բնակչի, որը տվյալներ է փոխանցել ուկրաինական զորքերի դիրքերի մասին: Նրա հեռախոսում հայտնաբերվել են լուսանկարներ և կոորդինատներ, որոնք նախատեսված էին ռուսական կողմին փոխանցելու համար: Դեռահասը հրահանգներ է ստացել մեսենջերի միջոցով։


Ընդհանուր առմամբ վերջին տարվա ընթացքում, Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով, ձերբակալվել է լրտեսության և դիվերսիայի մեջ ներգրավված ավելի քան 700 մարդ: Նրանցից ավելի քան 170-ը անչափահաս է: Վճարը տատանվում է 100-ից մինչև 1000 դոլարի սահմաններում: Երբեմն առաջադրանքները քողարկվում են «քվեստների» ներքո: