«Ի գիտություն ենք ընդունել, որ Արարատ Միրզոյանը կրկին հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ նիստին». Լավրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները շարունակում են Հայաստանը համարել միավորման լիիրավ անդամ, սակայն այս կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունների պահպանում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով։


«Մենք, ինչպես նախկինում, Հայաստանը համարում ենք այս կազմակերպության լիիրավ անդամ, սակայն, իհարկե, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և բոլոր պարտավորությունների կատարում, որոնք բխում են ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից: Ներառյալ, իմիջիայլոց, անդամավճարների վճարումը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։


Միաժամանակ նա նշել է, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցները «ի գիտություն են ընդունել, որ (ՀՀ) արտաքին գործերի նախարարը (Արարատ Միրզոյանը) կրկին հրաժարվել է մասնակցել միջոցառմանը»։ «Մենք ելնում ենք նրանից, որ մեր պետությունների ղեկավարները, երբ հանդիպել են ՀԱՊԿ-ի կազմում, նույնպես ի գիտություն են ընդունել ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի փաստը»,- հավելել է Լավրովը։


Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները վկայում են այն մասին, որ միտումները զարգանում են «բազմավեկտոր համատեքստում»։