Առաջադրել մեկին, որը շռնդալից ապտակներ է հասցրել իրենց քաղաքական պատրոնների երեսին. Աջապահյանը մեկ տարի առաջ դեմ չէր լինել վարչապետի թեկնածու

Խորհրդարանական ընդդիմությունը՝ նախկին  նախագահների կուրացիայի ներքո գործող «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան»-ը,  հազիվհազ եկել էին կոնսենսուսի և միաձայն, առանց «չեմուչումի» ու փոխադարձ կսմիթների մտադիր էին վարչապետի թեկնածու առաջադրել մի պոտենցիալ թեկնածուի,  որի միջոցով վերջապես պետք է փորձեին, փաստորեն, «կախ տալ» այդքան փափագելի «զանգը» «մռռանի վզից»։   Բայց... զանգ կախող վերահաս թեկնածուն, պարզվեց, այնքան էլ... պոտենցիալ չէր։  Նկատի ունենք՝ պոտենցիալ ուներ, բայց կտրուկ «նյետ» ասաց  իր թեկնածության առաջադրմանը։ Խոսքը, ինչպես կռահեցիք, ռազմական հեղաշրջման կոչեր արած, քրեական հետապնդման ենթարկվող,  կալանքի տակ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մասին է։ Նկատենք,  որ նրա թեկնածության մասին ընդդիմությունը հայտարարեց վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հայտարարությունից ժամեր անց՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի շուրջ տեղի ունեցողից «Նոր Սարդարապատ» ստանալու անզուսպ մղումով։ Այս մասին, ի դեպ, ազդարարեց ու կոչով ժողովրդին դիմեց ՀՅԴ-ական, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը Մայր աթոռի՝ տագնապ ղողանջող զանգերի ներքո։ Բայց, ինչպես տեսնում ենք, ղողանջներին անսացող, Աջապահյանին  կալանքից փրկելու համար  փողոցներ թափվող հավատավոր հոտի  էնտուզիաստ ներկայացուցիչներ, բացի ընդդիմության մի խումբ անդամներից, չգտնվեցին։


Վերադառնանք Աջապահյանի «մերժումին»։  «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»,- գերօպերատիվ արձագանքել էր Շիրակի թեմի առաջնորդը՝ ի պատասխան իրեն վարչապետի թեկնածու առաջադրել փափագողների։ Ի դեպ, այնպես չէ, որ ոտքով-գլխով քաղաքականության մեջ թաթախված Աջապահյանը իշխանական «զրո ամբիցիա» ունեցող անձ է։ Դեռ մեկ տարի առաջ այս օրերին, երբ փողոցներում, այսպես ասած, մորմոքում էր «սրբազան» կոչվող շարժումն ու այդպես էլ չէր կարողանում հասնել «կոնդիցիայի», Աջապահյանը շտապել էր իր՝ չկայացած վարչապետի թեկնածու (Կանադայի քաղաքացի լինելու հիմքով նա իրավունք չուներ առաջադրվել վարչապետի թեկնածու)  սանի ուսերից վերցնել շարժման առաջնորդության բեռը։ Ավելին՝ հավակնություն էր հայտնել դառնալու վարչապետի թեկնածու։ Աջապահյանը նախ հայտարարել էր՝ «շարժումը չպիտի մնա Բագրատ սրբազանի ուսերին, սրբազանը պիտի փոխանցի ինչ-որ մեկին», ապա, ի պատասխան հարցի՝ եթե Ձեզ առաջարկեն լինել վարչապետի թեկնածու, կհամաձայնե՞ք, արձագանքել էր. «Ես որևիցե պատասխանատվությունից չեմ խուսափել, բայց եթե դա կօրհնի Ամենայն հայոց կաթողիկոսը։ Առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության որևիցե բան մենք չենք անի՝ ինքնուրույն, ինքնամատույց»։ Եթե Վեհափառն օրհնի, Դուք կվերցնե՞ք այդ պատասխանատվությունը՝ ճշտմանը պոտենցիալ վարչապետացուն արձագանքել էր.  «Եթե Ամենայն հայոց հայրապետն օրհնի, ես ցանկացած պատասխանատվության տակ կմտնեմ, թեև դա խաչելություն է, բայց մեկը պետք է խաչվի՞, ի վերջո, թե՞ չէ»։ Փաստորեն, մեկ տարի առաջ Աջապահյանը պատրաստ էր մտնել պատասխանատվության տակ ու գնալ խաչելության, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ, ենթադրաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսը չօրհնեց ու «ադաբրյամս» չտվեց։ Իսկ այ Վազգեն  Գալստանյանին, փաստորեն, տվել էր, որն, ի դեպ, քանիցս է հայտարարել, որ փողոց է դուրս եկել,  վարչապետի հրաժարականը պահանջում է, այն է՝ եկեղեցին ներքաշել է քաղաքական վտանգավոր խաղերի մեջ  Գարեգին Բ-ի գիտությամբ ու օրհնությամբ։ Բագրատ Գալստանյանն, իհարկե, ի վիճակի չեղավ մինչև վերջ խաղալ իրեն հանձնարարված դերը՝  հասցնելով իր կուլմինացիային՝ իշխանության հեռացմանը, փոխարենը անհերքելիորեն ապացուցեց, որ ազգային, առանձնաշնորհյալ կարգավիճակ ունեցող կառույցը զբաղված է հակասահմանադրական գործունեությամբ։ Եվ այսօր ընդդիմադիր ու եկեղեցական խավից լսվող այն ծեքծեքումներն ու ծղրտոցները, թե՝ իշխանությունն արշավ է սկսել եկեղեցու դեմ՝  խախտելով ՀՀ Սահմանադրությունը, եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու հանգամանքը, ուղղակի դառը ծիծաղ են հարուցում։ Եկեղեցին էր իր սպասավորների միջոցով սկսել ու գեներացնում ահաբեկչություն, իշխանության յուրացում, զանգվածային անկարգություններ, ռազմական հեղաշրջում՝ «հեղաշրջելով» եկեղեցու դարավոր առաքելությունը, վարկն ու հեղինակությունը։


Դառնությամբ, բայց ոչ ծիծաղով ենք արձանագրում Վազգեն  Գալստանյանի հոգևոր-քաղաքական մահկանացուն, որի ականատեսը եղանք օրերս՝ նրա մասնակցությամբ քննարկված, ծրագրված «հեղաշրջման պլանի» տեսքով, պլան, որի գոյության մասին, արձանագրենք, տեղյակ են եղել նաև վերջինիս աջակցություն հայտնածները՝ երկրորդ և երրորդ նախագահները։ Հատկանշական է,  որ Աջապահյանն այն անձն է, որն ամիսներ առաջ անողոքաբար քննադատել էր իրեն թեկնածու առաջադրած խմբակցությունների փաստացի ղեկավարներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, նրանց գլխին բարդել իր հոգևոր սանի՝ Գալստանյանի առաջնորդած սրբազան շարժման ձախողումը։ Ավելին՝ կտրուկ, խրոխտ հորդորել էր նրանց հեռանալ քաղաքական ասպարեզից հանուն երկրի փրկության։ «Եվ երկրորդ նախագահը, և երրորդ նախագահը պետք է հեռանան քաղաքական ասպարեզից, սթափ բանականությունը, սթափ դատողությունը, սթափ հաշվարկը դա է պահանջում։ Եվ իրենք եթե դա չգիտեն, ուրեմն ոչ մի բան էլ չեն հասկանում։ Եվ երկրորդ նախագահը, և իր որդին պետք է հեռանան։ Պիտի հայտարարեն ու պիտի իրոք, փաստացի հեռանան։ Նույնը վերաբերում է երրորդ նախագահին...»։ Սա, ի դեպ, միակ քննադատությունը չէ, որ հնչեցրել է բարձրաստիճան հոգևորականը նախկին նախագահների հասցեին ու նրանց, նրանց թիմերի կողմից ոչ պակաս հուժկու պատասխանի արժանացել։


Մեզ, իհարկե, նախկին ռեժիմի ու դրա  իշխանավարումը  տարիներ շարունակ օրհնած, 2020-ից այս կողմ էլ նույն այդ ռեժիմի հետ համախոհությամբ ժողովրդի իշխանությունը տապալելու գործողությունները սպասավորած հոգևորականների միջև ծավալվող «բազառը» չի հուզում։ Մեզ ապշեցնում է քաղաքական գործունեության սոլիդ փորձառությամբ ընդդիմադիր ուժերի անադեկվատ ու անինքնասեր լինելու աստիճանը, խմբակցություններ, որոնք,  փաստորեն, ապացուցում են, որ չունեն Աջապահյանի ասած՝ սթափ բանականությունը, սթափ դատողությունը և այս ամենի բերումով էլ, բնականաբար, ի վիճակի չեն սթափ հաշվարկ իրականացնել և չանել այն, ինչ անում են։ Այն է՝ այդպես էլ չհամակերպվել ժողովրդի ձևավորած իշխանության գոյության հետ, և երկրորդ՝ այդ իշխանությունը հեռացնելու՝  ի սկզբանե ձախողված պրոցես գեներացնել՝ «իմպիչմենտ» կոչեցյալը՝ վարչապետացու առաջադրելով մեկին, որը բարոյական, քաղաքական և այլազան շռնդալից ապտակներ է հասցրել իրենց երեսին, ցուցանել իրենց քաղաքական սնանկությունն ու ոչնչությունը, համարել վերջիններիս անկարող, ապիկար ու անպիտան, վերջում էլ՝ «շնորհակալություն, ցտեսություն»


Հ.Գ.  Ռազմական հեղաշրջում անելու մասին Աջապահյանի հայտարարությունը հիշեցրեց մեզ, որ աֆրիկյան երկրներում բառիս բուն իմաստով հեղաշրջում իրականացրած երկու պերսոններ՝ հայտնի «Արթուր եղբայրները», անցյալ տարի այս օրերին ժամանել էին  ՀՀ և  միացել «սրբազան շարժման»-ը: Նկատելի էր, թե ինչ ակնածանքով է Վազգեն Գալստանյանը հարթակից ներկայացնում իր արտերկրյա հյուրերին։  Պատահակա՞ն է, որ հեղաշրջման մեջ հմտացածները միացել էին Աջապահյանի հոգևոր սանի առաջնորդած շարժմանը։ Հարկ է հիշեցնել, որ ՀՀ-ում ռազմական հեղաշրջում իրականացնելու մասին Աջապահյանը հրապարակավ հայտարարել էր դեռ 2023-ի հուլիսին կայքերից մեկի հետ հարցազրույցում և մասնավորապես նշել. «...Չունենք ազգային անվտանգություն, որովհետև եթե ազգային անվտանգություն ունենայինք, ուրեմն պիտի լիներ այն, ինչ պիտի լիներ, ինչը լինում է նույնիսկ աֆրիկյան երկրներում»։ Աջապահյանն այս միտքը հնչեցրել էր այն շրջանում, հիշեցնենք, երբ Նիգերում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում։ Հարկ է նկատել, որ բրիտանական Independent-ի տեղեկություններով՝ Նիգերը մեկն է աֆրիկյան այն պետություններից, որտեղ գործում են ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալները։ Երբ civic.am-ը աֆրիկյան երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից ենթադրաբար ոգեշնչված Աջապահյանին խնդրել էր  պարզաբանել վերոհիշյալ իր միտքը, Շիրակի թեմի առաջնորդը իրեն հատուկ ոճով նետել էր. «Չեմ պարզաբանի, ինչը ազգային անվտանգությանն ուղղված է, թող այդ մարմինը հասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Ինչո՞ւ պիտի պարզաբանեմ, հո ամեն ինչ պարտավոր չե՞մ պարզաբանել»։ Դիտարկմանը՝ քանի որ աֆրիկյան երկրներն եք հիշատակում, ենթադրում եմ՝ ռազմական հեղաշրջման ակնարկ եք անում, Միքայել արքեպիսկոպոսն արձագանքել էր. «Այդ մասին ակնարկ շատ էլ արել եմ, այնքան եմ արե՜լ, պատերազմի օրոք էլ եմ արել այդ ակնարկը, այնպես չէ, որ չեմ արել։ Եղա՞վ»։


Չէ՛, չեղա՛վ, սրբազան հայր։ Աստված օգնական։


Հ. Մանուկյան