«Ռուս մշակութային գործիչներին խորհուրդ ենք տալիս ծանրութեթև անել Ադրբեջան կատարած ուղևորությունների բոլոր ռիսկերը». Պուտինի հատուկ ներկայացուցիչ

Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն անդրադարձել է Բաքվում ռուս արտիստների ելույթների արգելքին և այդ քայլն անվանել ոչ իրավաչափ:


«Հազիվ թե ողջամիտ լինի Եկատերինբուրգում ռուս քաղաքացիների քրեական անցյալի հետաքննությունը խառնել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշակութային ոլորտում միջպետական ​​փոխազդեցություններին։ Այն, որ մեր բարեկամ երկրում արգելվել են ռուս արտիստների, այդ թվում՝ Բաքվում միջազգային միջոցառումներին մասնակցող մանկական խմբերի ելույթները, իմ տեսանկյունից, ոչ իրավաչափ  քայլ է և աղքատացնում է, առաջին հերթին, Ադրբեջանի մշակութային լանդշաֆտը,-  ասել է նա և հավելել:- Մեր կողմից մենք, բնականաբար, խորհուրդ կտանք, որ Ռուսաստանի քաղաքացիները, այդ թվում՝ մշակութային գործիչները, ծանրութեթև անեն Ադրբեջան կատարած իրենց ուղևորությունների բոլոր ռիսկերը, բայց մենք չենք պատրաստվում չեղարկել ադրբեջանական մշակույթը Ռուսաստանում»։


Պուտինի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանն արդեն բախվել է ռուսական մշակույթի չեղարկմանը ոչ բարեկամ պետություններում, և, նրա խոսքով, ինչպես ժամանակը ցույց տվեց, դա ոչնչի չի հանգեցրել, քանի որ ռուսական մշակույթը չեղարկելը անհնար է։