ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված քննարկումներին և դրանց վերաբերյալ փոքրաթիվ քննադատություններին:
«Սիրելի՛ քաղաքացիներ,
ՀԷՑ-ի՝ մեկ միլիոն սիրելի՛ բաժանորդներ,
Պետությունը չի կարող թույլ տալ, որ իր քաղաքացիներն այսօր տուժեն մի սեփականատիրոջ, մի օլիգարխի պատճառով, որը ուղղակի թքած ունի ՀԷՑ-ի և քաղաքացիների վրա։
Արդեն մեկ տարի Կառավարության մի շարք նիստերում քննարկվում են և տրվում հանձնարարականներ՝ ուսումնասիրելու հոսանքի որակը, հզորությունը։ Մարդիկ մարզերում բողոքում են, դժգոհում։
Ի՞նչ ունենք արդյունքում. մեկ տարի շարունակ մենք տեսնում ենք ՀԷՑ-ի ավելի ռեպրեսիվ և լկտի քաղաքականություն, ընդհուպ մինչև այն, որ հոսանքազրկումներով փորձ է արվում ստեղծել քաղաքական բողոքի ալիք։
Մեր տնտեսությունը չպետք է կախված լինի մեկ մարդուց, մենք չենք կարող թույլ տալ մի մարդու, որ անի այն, ինչ ուզում է, և դրա հետևանքով հազարավոր տնտեսվարողներ կորցնեն իրենց բիզնեսները, հարյուրհազարավոր մարդիկ մնան առանց լույսի, պետական համակարգը պարալիզացվի, և քաղաքացիները ուղղակի տուժեն, նյարդայնանան։
Սրանք արդեն քայլեր են, որոնք արվում են պետության դեմ, և ցավալի է, որ որոշ ելույթներ ուղղված են ոչ թե քաղաքացիների իրավունքների, այլ կոնկրետ անձի պաշտպանությանը՝ անտեսելով մեր երկրի ռազմավարական անվտանգությունը։
Եվ այո՛, թռչեք երկինք, իջնեք ցած, ՀԷՑ-ը պետականացվելու է»,- նշել է Մանավազյանը: