Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. Ինձ հասցեագրված ռուսաստանցի գործընկերների արձագանքները լսելով իմ այսօրվա հայտարարությանը՝ այն մասին, որ Հայաստանում լրջորեն պետք է քննարկվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման հարցը, ակամա մի պարզ, բայց կարևոր հարց է ծագում. չէ՞ որ այդ հարգարժան մարդկանցից ոչ մեկը իրեն չի հարցնում՝ ինչու՞։
Թե՞ իրոք կարծում եք, որ, կրկնելով արդեն վաղուց հնացած արտահայտություններ «արևմտյան կառույցների ազդեցության», «մարդու իրավունքների խախտման» կամ «Ռուսաստանի ու Հայաստանի միջև դարավոր բարեկամության» մասին, կարելի է պարզապես միանալ հնացած քարոզչությանը, հիշել Ուկրաինան — ու փորձել նույն այդ մաշված շաբլոնն իջեցնել հայաստանյան իրականության վրա։
Իրականում ոչ ոքի և ոչինչ փնտրելու կարիք չկա։
Մեղավորներ հորինել պետք չէ — պարզապես միացրեք հեռուստացույցը։
Որովհետև ռուս-հայկական հարաբերությունները փչացնելու գործը ավելի լավ անում են ոչ թե արևմտյան հատուկ ծառայությունները, ոչ թե գործակալներն ու ՀԿ-ները, այլ հենց որոշ ռուսաստանյան պետական հեռուստաալիքներ, լրագրողներ և խմբագիրներ։
Երբ՝
– Ռուսաստանի պետական ալիքներով հայհոյում ու վիրավորում են Հայաստանի օրինականորեն ընտրված իշխանություններին,
– հետևողականորեն փորձում են բաժանել հայ հասարակությանը և իր իշխանություններին՝ մոռանալով, որ մեր իշխանությունները ընտրվել են ուղիղ և ազատ ընտրությունների միջոցով,
– հարցականի տակ են դնում Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու անգամ գոյությունը,
– կոչ են անում դուրս գալ ցույցերի՝ նշելով օրը, ժամը, վայրը՝ փաստացի հանդես գալով մեր սահմանադրական կարգի դեմ,
– բացահայտ քննադատում են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ իրենց երկրի օրենքը կատարելու համար,
– միջամտում են Հայաստանի ներքին կյանքին՝ քաղաքական գործընթացներից մինչև ազգային խորհրդանիշներ։
Առաջարկում եմ Մոսկվայում գտնվող գործընկերներին գոնե մեկ րոպեով պատկերացնել հակառակ իրավիճակը.
Ի՞նչ կասեիք, եթե հայկական պետական հեռուստաալիքներով՝
– հաղորդավարները վիրավորեին Ռուսաստանի նախագահին և ղեկավարությանը, – քննարկվեր Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը ու ասվեր՝ «Ռուսաստանը չպետք է գոյություն ունենա», – ռեպորտաժներ հրապարակվեին Ուկրաինայում ընթացող Սահմանափակված ռազմական գործողություններից՝ քննադատելով ռուսական բանակի գործողությունները, – վերլուծվեին ՌԴ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործերը։
Այո, հարգելի քաղաքական գործիչներ, սենատորներ, հաղորդավարներ, պատգամավորներ, մեկնաբաններ ու հրապարակախոսներ։
Ահա թե ինչ է ամեն օր հնչում մեր քաղաքացիների հասցեին ռուսական հեռուստաալիքների էկրաններից։
Ահա թե ինչն է իրականում քանդում է հայ-ռուսական հարաբերությունները — ոչ թե Արևմուտքը, և հաստատ ոչ հայ ժողովուրդը կամ քաղաքական գործիչները։
Ուստի՝ հերթական կլիշեների ու մեղավորներ փնտրելու փոխարեն՝ առաջարկում եմ վերջապես տալ միակ ազնիվ հարցը՝
Ինչու՞։
Ոչ թե՝ Ո՞վ։
Սա պետք է դադարի։
Կամ դուք կհասկանաք ու կդադարեցնեք դա
— կամ դա կանենք մենք։