Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը հետաձգվեց նախկին փոխվարչապետի պաշտպանի բացակայության պատճառով

Այսօր՝ փետրվարի 23-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացավ Հ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Դատական նիստից առաջ «Մարտի» 1-ի գործով անցնող, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարան էր ներկայացրել միջնորդություն՝ դատական նիստը հետաձգելու մասին։ 

Դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացնելով միջնորդությունը նշեց, որ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատական նիստը հետաձգելու դիմումում պատճառաբանել է, որ այսօր Վերաքննիչ քրեական դատրանում ժամը 13։00 դատական նիստի է, ինչպես նաև ևս մեկ նիստ էլ նշանակված է ժամը 16։00։ 

Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը նախ նշեց, որ աշխատակազմի միջոցով պարզել են, որ Էրիկ Ալեքսանյանի նշած նիստը սկսվելուն պես հետաձգվել է, այնուհետև հարց ուղղեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ պարզելու արդյոք վերջինս տեղյակ է թե ինչու է բացակայում իր պաշտպանը, սակայն ամբաստանյլան անտեղյակ էր։

Դատարանը հայտարարեց ընդմիջում՝ Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառներն ու ներկայանալու հնարավորությունը պարզելու համար։ Իսկ ընդմիջումից հետո Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Էրիկ Ալեքսանյանին նիստին խոչընդոտող պատճառ առկա չէ, և նա կարող էր 13։20 ներկայանալ նիստին։ 

Մեղադրող դատախազի կողմից Էրիկ Ալեքսանյանի վարքագիծը բնութագրվեց որպես չարամիտ, իսկ պաշտպան Արամ Վարդևանյանն էլ պնդեց , թե՝ երբ Էրիկ Ալեքսանյանը ներկա չէ, վարքագծի վերաբերյալ կարծիք հայտնելն ու այն չարամիտ որակելն անտրամաբանական է, և այդ վարքագծին վերաբորեղ հարցի քննությունը կարող է տեղի ունենալ բացառապես իր՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայությամբ։  

Պաշտպանի բացակայությամբ պայմանավորված դատական նիստը հետաձգվեց , հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 2-ին ժամը 13։00-ին։