ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը
հուլիսի 2-ին ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել
հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության
և ժողովրդավարության պաշտպանության մասին» վերտառությամբ։
Հայտարարության մեջ նախագծի հեղինակները խստորեն
դատապարտում են ՀՀ ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների
դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց ՀՀ իրավապահ մարմինների կողմից
2025 թվականի հունիսին։ Նախագծում նշվում է, թե ահաբեկչության և սահմանադրական կարգի
տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն
ՀՀ Սահմանադրության և օրենքների։ «Ահաբեկչությունը և բռնության ճանապարհով պետական
իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված են ՀՀ ինքնիշխանությանը և ժողովրդին։
Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները և հարվածելու
պետության դիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին և արտաքին սպառնալիքներ ՀՀ և ՀՀ ժողովրդի
համար»,- ասված է հայտարարության մեջ։
ՔՊ-ն իր հեղինակած նախագծում նաև խիստ մտահոգիչ և դատապարտելի է համարել ՀՀ նախկին ղեկավարների և նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունն
արդարացնող կամ աջակցող հայտարարությունները։ «Նրանք քաղաքական պատասխանատվություն
են կրում իրենց գործողությունների համար։ Որևէ պատճառ կամ նեղ քաղաքական նպատակ չի
կարող արդարացնել զինված խմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու
և երկրում սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը»,- կարդում ենք նախագծում։ Դրա հեղինակը
առաջարկում է, որ ԱԺ-ն, որպես առաջնային մանդատով
օժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ
անի բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և քաղաքացիներին
դատապարտել ահաբեկչությունը և բռնության միջոցով
պետական իշխանության զավթման փորձերը, աջակցել
ՀՀ օրինական իշխանություններին իրենց սահմանադրական
պարտականությունների կատարման մեջ, նպաստել ազգային համերաշխությանը և պետական ինստիտուտների
ամրապնդմանը։
Նախագծի հիմնական զեկուցողն է ՔՊ խմբակցության
ղեկավար Հայկ Կոնջորյանը։