ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր
է ներկայացրել ԱԺ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ
քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու
մասին։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Աժ
կայքից։ Ըստ միջնորդագրի՝ «ՀՀ-ում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն
իրագործելու նպատակով («Սրբազան շարժման» մասնակից-խմբ․) Արթուր Սարգսյանը, Վազգեն
Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները, պլանավորել են կատարել ահաբեկչություն,
այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության
վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու
վտանգով զուգորդված հանրավտանգ արարքներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը,
բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ, կազմալուծել հանրային իշխանության
մարմինների գործունեությունը և Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունը
ստանձնած անձանց՝ հարկադրել հրաժարվել դրանից»։
Նշված հանցավոր արարաքների իրագործումը հանցավոր խմբի անդամները, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը,
2025 թվականի հունվարից սկսած շարժման մասնակիցների
և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են բազմաթիվ հարվածային խմբերում ընդգրկվող
2000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու և գործողությունները պլանավորելու
համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը,
շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի
սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել և
ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր
հրավտանգ միջոցներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու և տրանսպորտային
շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ՝ «աստղիկներ», տրանսպորտային
միջոցների ապակիների և ճանապարհներին լցնելու նպատակով՝ ներկեր և յուղեր, այդ միջոցները
պահել են համապատասխան թաքստոցներում, շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող
անձանց հավաքագրելուն ուղղված գործողություններ․․․․ Այսինքն, Արթուր
Սարգսյանին վերագրվում են ՀՀ ՔՕ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով, 43-419-րդ հոդվածի
1-ին մասով նախատեսված արարքներ։
Նշենք, որ Գլխավոր դատախազի միջնորդագրում
մանրամասնորեն նշված են Գալստանյանի և հանցավոր խմբի մյուս անդամների երկխոսությունները։
Նախորդ տարի օգստոսին, դատելով ԱԺ կայքում հրապարակված փաստաթղթից,
Գալստանյանի հետ հանդիպմանը մասնակցել է նաև «Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ՝
Իշխան Սաղաթելյանն ու այսպես ասած իր «ադաբրյամսը» հայտնել պլանավորվելիք գործողություններին։