Իտալիայի վարչապետը հերքում է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցումը

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցրել Ուկրաինային զենքի մատակարարումները, այլ վերանայել է առանձին բաղադրիչների վերաբերյալ որոշումները։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով իտալացի լրագրող Բրունո Վեստայի կողմից կազմակերպված ֆորումում։


«Միացյալ Նահանգները չեն դադարեցրել զենքի մատակարարումները և Ուկրաինային աջակցությունը, նրանք վերանայել են հատուկ բաղադրիչների մատակարարման մասին որոշումը», - ասել է Մելոնին։ 


Նրա խոսքով՝ այս փաստը նշանակալի է, սակայն «չի համապատասխանում, ինչպես փորձում են ներկայացնել»։ Ի հաստատումն՝ կառավարության ղեկավարը հայտնել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «և՛ Կիևի, և՛ առևտրային մաքսատուրքերի մասին»։



Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին The New York Times թերթը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռ-որսիչների, GMLRS բարձր ճշգրտության զինամթերքի, Hellfire կառավարվող հրթիռների, Stinger շարժական հրթիռային համալիրների և մի շարք այլ սպառազինությունների մատակարարումը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն կանչել էր Կիևում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Գինքելին՝ այս տեղեկատվությունը քննարկելու համար։


The Economist ամսագիրը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են Ուկրաինային բոլոր տեսակի զենքի և զինամթերքի մատակարարումները։ Սակայն Թրամփը վստահեցրել էր, որ Վաշինգտոնը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին, բայց միևնույն ժամանակ ելնում է նրանից, որ Միացյալ Նահանգներն ինքնին կարիք ունի սպառազինությունների։