Ուրբաթ օրը Բրյուսելում՝ դեսպանների մակարդակով հանդիպման ժամանակ, Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի Դաշնության դեմ Եվրոպական միության նոր պատժամիջոցները՝ շարունակելով էներգակիրների շուրջ խորհրդակցությունները։ Այս մասին հայտնել է Սլովակիայի TASR լրատվական գործակալությունը։
«Ուրբաթ օրը Սլովակիան Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների մակարդակով հանդիպման ժամանակ կրկին արգելափակել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը», - հայտնել է պարբերականը՝ հղում անելով Սլովակիայի արտաքին գործերի նախարարությանը։
Երկրի ԱԳՆ-ից հայտնել են, որ «Սլովակիան պատրաստ է շարունակել կառուցողական հաղորդակցությունը Եվրոպական հանձնաժողովի հետ», հավելելով, որ բանակցությունները դեռևս չեն վերացրել RePowerEU նախաձեռնության նկատմամբ երկրի առկա առարկությունները։
Հունիսի սկզբին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ հանրապետությունը չի աջակցի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթին, եթե Եվրոպական հանձնաժողովը չառաջարկի էներգակիրների հետ կապված իրավիճակի իրական լուծում։ Նա նաև ասել էր, որ շարունակում է կողմ լինել Ռուսաստանից Եվրոպական միություն էներգակիրների մատակարարումների շարունակմանը, քանի որ դրանց դադարեցումը բացասաբար կանդրադառնա էներգակիրների արժեքի և եվրոպական մրցունակության վրա։
ԵՄ երկրները 2022 թվականի գարնանը թողարկված REPowerEU պլանում նշել են 2027-2028 թվականներին ռուսական խողովակաշարային գազից հրաժարվելու նպատակը։ Ընդ որում, այդ ժամանակից ի վեր ռուսական գազի ներմուծման կառուցվածքը փոքր փոփոխություններ է կրել. Հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մասնաբաժինը մոտ մեկ երրորդից աճել է մինչև 40%, իսկ խողովակաշարային գազի մասնաբաժինը մոտ 70%-ից նվազել է մինչև 60%։
ԵՀ-ն մայիսի սկզբին ներկայացրել էր ռուսական էներգակիրների ԵՄ ներմուծումը մինչև 2027 թվականի վերջը դադարեցնելու ճանապարհային քարտեզի նախագիծը։