Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Հրապարակ»-ին, պահանջում է հերքում և փոխհատուցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։ Հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարանն ստացել է հունիսի 4-ին, գործով դատավորն է Նելլի Հարությունյանը։ civic.am-ը «Դատալեքս» հարթակից տեղեկացավ, որ հայցվորը դատարանից խնդրում է «հաշվի առնելով մեջբերված փաստական և իրավական հիմքերն ու հիմնավորումները, պատասխանող «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ ձևով՝ www.hraparak․am կայքում և hraparak. ֆեյսբուքյան էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով տեղադրել հրապարակում և վերնագիրը շարադրել այսպես՝ «Հերքում՝ «Փաշինյանը դավաճանու՞մ Է արդյոք կնոջը» վերնագրով հոդվածում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների մասին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես․ «06.06.2025թ.-ին www.hraparak.am կայքում մեր կողմից հրապարակվել է հոդված՝ «Փաշինյանը դավաճանում Է արդյոք կնոջը» վերնագրով։ Հայտնում ենք, որ այդ հոդվածում հրապարակված տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և չեն համապատասխանում իրականությանը»։ Հրապարակումը պետք է պահպանվի կայքում առանց ժամկետի սահմանափակման։ 


Հրապարակմանը այլ հրապարակումների համեմատ տալ կայքի, էջի, ալիքի այցելուներին ցուցադրելու նույն առաջնահերթությունը, ինչ զրպարտող տեղեկություններ պարունակող հոդվածն է: Հրապարակվող տեքստը չպետք է պարունակի Պատասխանողի որևիցե այլ մեկնաբանություն կամ գրառում, այլ միայն՝ վճռով նշված բուն հրապարակաման տեքստի բառացի շարադրանքը։


Հայցվորը նաև խնդրում է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 1․000․000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ փոխհատուցում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինայնը հունիսի 6–ին իր ֆեյսբուքյան գրառման մեջ, կցելով վերոհիշյալ հոդվածի հղումը, գրել էր․ «Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան եւ հոգեւոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են եւ ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։


Այս առիթով նաեւ պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։


Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին և Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։


Հ․Գ․ Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլևս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»։

 

Հ․Մ․