Աշխատակցին սպառնացած Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի գործով նախաքննությունն ավարտվել է․ նա կալանավորված է․ Տեսանյութ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 7-ին Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը նույն կազմակերպության աշխատակիցներին հրավիրել է ժողովի, որի ընթացքում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամների կողմից Գորիս կատարվելիք այցի մասին և, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել նշված դաշինքի կողմից Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը: Այնուհետև, 2021թ. հունիսի 15-ին՝ ժամը 12-ի սահմաններում, մշակույթի կենտրոնի տնօրենը նույն կազմակերպության թանգարանի դիմաց հանդիպելով գրադարանավարին և տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է մասնակցել Գորիս քաղաքում տեղի ունեցող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը, խոչընդոտել է նրան մասնակցել նշված կուսակցության հանրահավաքին՝ սպառնալով ազատել աշխատանքից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մշակույթի կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: