Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրո ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։ Ծրագրի վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո՝ 180 (հարյուր ութսուն) օր։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ծրագիրը Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելու նպատակ ունի՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով։ Մասնավորապես, ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունն Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները։ Ծրագիրը նաև համահունչ է Համաշխարհային բանկի՝ առանձնացված զբոսաշրջային կլաստերներում մասնավոր կապիտալի ներգրավումը խթանելու մոտեցմանը։