ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնիի համալիրը և Քարերի սիմֆոնիան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:


Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Հայտերը պատրաստվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ և պատվերով, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների կողմից համապատասխան գիտնականների ներգրավմամբ:

Նստաշրջանն ընթանում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 6-16-ը: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպան Արամ Հակոբյանը: ԿԳՄՍ նախարարությունից նստաշրջանին մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը որպես 1972 թ․ կոնվենցիայի համակարգող։

Նշենք, որ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և ՀՀ Կոտայքի մարզի «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի կողմից գրանցվող 6-րդ և 7-րդ հայտերն են:


Առաջին 4-ը գրանցվել են 1995 թվականին. դրանք են Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները, 5-րդը՝ 2024 թվականին՝ Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը։ 


Ցանկերին կարելի է ծանոթանալ հետևյալ  հղմամբ՝ https://whc.unesco.org/en/statesparties/am։



ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը:


ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հուշարձանի գրանցումը պարտադիր և նախնական պայման է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ գրանցելու համար: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակական է։