Կաթվածի ազգային ծրագիրն ընդլայնվում է. նախարարը Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում է ունեցել

Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում եմ ունեցել կարևորագույն մի թեմայով. նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն`ընդլայնելով Կաթվածի ազգային ծրագիրը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը:


Առցանց եղանակով Կաթվածի խորհուրդի անդամների հետ քննարկել ենք ծրագիրը ներդնելու համար մարզում առկա հնարավորությունները, ինչպես նաև` իրատեսական խնդիրներն ու առաջադրել լուծումներ:


Գիտեք, հատկապես կաթվածի դեպքում ամեն ժամը վճռորոշ կարող է լինել պացիենտի կյանքի համար, ուստի շատ կարևոր է Երևանից հեռու գտնվող Սյունիքի մեր քաղաքացիների համար հասանելի դարձնենք կենսական այս ծրագիրը:


Կաթվածի ազգային ծրագիրը հասցրել ենք ներդնել Երևանում, Գյումրիում, Վանաձորը հեռաբժշկության միջոցով միացել է այս ծրագրին:


Այս մարզերում արդեն ունեցած հաջողված փորձը պետք է ներդնենք նաև մեր այլ մարզերում:


Կյանք փրկող և հաշմանդամությունը կանխող թրոմբէկտոմիան և թրոմբոլիտիկ թերապիան պետական պատվերի շրջանակում պետք է հասանելի դառնա մեր քաղաքացիներին հենց իրենց մարզում` տեղում: