ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Աբու Դաբիում տեղի ունեցած շուրջ 5 ժամ տևած քննարկումից հետո հայկական տեղեկատվական դաշտում վայնասուն բարձրացվեց, որի հեղինակը, ինչպես կարելի էր կանխատեսել, ռուսական «ագենտստվո»-ի տեղական ներկայացուցիչներն էին, որոնց մի մասի անուններն, ի դեպ, ժամանակին բացահայտել էր «ագենստվոյի նաչալստվոն»՝ ի դեմս ադրբեջանամետ պրոպագանդիստ Ի. Կորոտչենկոյի։ Քարոզչական աշխատանքը, որին լծվել են ՀՀ նախկին վարչապետներից, վերլուծաբաններից մինչև հատուկ լիազորություններով դեսպաններ ու ռուսախոս «բուրգերներ», մեկն է՝ հղում անելով ադրբեջանական մամուլին, գեներացնել ՀՀ-ի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը հակասող եզրաբանություն, այն է՝ մեղադրել ՀՀ-ի համար «մահացու զիջումների» գնալու՝ «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը տալու մեջ։ Երեկվանից վերոհիշյալ ագենտուրան, միտումնավոր խեղաթյուրելով ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ, աղաղակում է՝ «Նիկոլը էսքան տարի մեզ ու թուրքերին ֆռռացնում էր, թե՝ չեմ տա «միջանցքը», բայց գնաց Աբու Դաբի ու որոշեց տալ»։ «Տալ» ասելով նրանք նկատի ունեն կապուղիների ապաշրջափակումից հետո Սյունիքի մարզով անցնող՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կառավարման հնարավոր արտապատվիրակումը։ Նման հավանականության մասին, ի դեպ, «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, որի դիտարկումները, ավելի ճիշտ՝ դրանց խեղաթյուրումն էլ առիթ էր տվել վերոհիշյալ գործիչներին «միջանցքը տալու» մասին ապատեղեկատվություն գեներացնելու։
Հարկ է ընդգծել, որ տեղի ունեցած բանակցությունների (որոնք, ի դեպ,
երկու կողմերն էլ «հաջողված» են որակել) բովանդակության
նմանօրինակ խեղաթյուրումը, հատկապես վերոհիշյալ
ագենտուրայի կատարմամբ, պատահական չէ և ունի
իր հիմնավոր դրդապատճառը՝ բանակցությունները
կայացել են առանց Պուտինի կամ ռուսական կողմի
միջնորդության ու, փաստորեն, կողմերի գնահատմամբ հաջողված են եղել։ Մի՞թե հնարավոր
է հաջողում՝ առանց ՌԴ-ի։ Ավելին, ԱՄԷ-ում տեղի
ունեցած հանդիպմանը նախորդել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը Ադրբեջանի և
Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքման հնարավորության վերաբերյալ։ Սրան
էլ նախորդել էր «Քարնեգի» հիմնադրամի հրապարակումը, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը
Երևանին ու Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով
առաջարկ է ներկայացրել: Խոսքը ճանապարհի կառավարումը օտարերկրյա, մասնավոր ընկերությանը
պատվիրակելու մասին է։ Ամերիկյան կողմի այս շահագրգռությունը՝ Պուտինի կազմած, նրա
ստորագրությունը կրող նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչել «ամերիկյան ինտերպրետացիայով», բնական
է, չէր կարող չխաթարել ռուսական ագիտպրոպի
հոգեկան անդորրը՝ ստիպելով «միջանցքը տալիս ա» թեմայով վայնասուն կապել։ Թե՝ ՌԴ-ին
դավաճանելն ու Արևմուտքի գիրկը նետվելը աղետալի
հետևանքներ է ունենում ՀՀ-ի համար՝ արժենալով ինքնիշխանության կորուստ, «թուրք-ադրբեջանական
երազանքի» իրագործում՝ «Զանգեզուրի միջանցք»-ը տալու տեսքով։ Մինչ Կորոտչենկոյի «կլիենտուրան» հեծեծում է ու
միջանցքի դարդը լացում, հիշեցնենք նրանց ՌԴ
ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի թերևս ամենավերջին պնդում-հավաստիացումն առ այն, որ ««Զանգեզուրի
միջանցքի» մասին երբեք խոսք չի գնացել այն պայմանավորվածությունների
շրջանակում, որոնք ձեռք են բերվել նախագահ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից» (2024
թվական, հունվար): Հուսանք՝ «բուրգերն» ու
իր «կամանդը» գիրկապ անել գիտեն, գոնե այն մակարդակի, որ կարողանան գոնե Լավրովի այս հայտարարությունը կարդալ և հասկանալ։
Դառնանք Սյունիքով անցնող ճանապարհի «վերահսկողության» արտապատվիրակման
թեմային, որի վերաբերյալ, հարկ է նկատել, ՀՀ ԱԳ փոխնախարար Մ. Սաֆարյանը հատուկ շեշտել
էր՝ վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում, այդ գործընթացը
պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության
ներքո: Եթե դա համապատասխանի այս սկզբունքներին, այո, կարող է դա իրականացվել: Դա քննարկման
հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի»:
Ի դեպ, «արտապատվիրակում» հասկացության մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է, ՀՀ-ն էլ ամենաբարձր մակարդակով առաջին անգամ չէ, որ անդրադարձել է դրա բովանդակային նրբություններին՝ առավելագույնս բաց, թափանցիկ ու դետալային անդրադառնալով ադրբեջանական (և ոչ միայն) կողմի շահարկումներին։ Մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա մարտին հրապարակված իր հոդվածում մասնավորապես նշել է. «Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի: Նման բան չի եղել, չկա պարզապես: Ընդհակառակը, Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը և պատրաստ ենք անել: Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ կարող է համաձայնվել իր ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքային ամբողջականության որևէ սահմանափակման, ներառյալ արևմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցության հարցում: ...2022 թվականին, հասցեագրելով Ադրբեջանի մտահոգությունները, առաջարկել ենք փոխադարձության սկզբունքով միջազգային մասնագիտացված կազմակերպության արտապատվիրակել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային և բեռների մաքսային և այլ հսկողության front գործառույթը: Ադրբեջանը չի համաձայնել: Հիմա էլ, հաշվի առնելով Ադրբեջանի պնդումը, թե երկարատև հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն ՀՀ սահմանային և մաքսային հսկողությունն անցնել, առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի և հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: Ընդ որում, գրավոր առաջարկել ենք տարբերակ, որ չի նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը: Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է»:
ՀՀ ԱԳ նախարարությունն էլ նախօրեին, ի պատասխան շահարկումների,
ևս մեկ անգամ արձանագրել էր՝ «Խաղաղության օրակարգի իրացման վերաբերյալ ՀՀ Կառավարության
ունեցած պատկերացումներին Հայաստանի հանրությունը ծանոթ է, և Աբու Դաբիում արտահայտված
բոլոր դիրքորոշումները տեղավորվում են այդ ռազմավարությունների մեջ, ներառյալ տարածաշրջանային
կապուղիների ապաշրջափակման թեման, որի մասին Հայաստանի Հանրապետության պատկերացումներն
արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»։
Հետևություն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը կարդում և
չեն հասկանում, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցք» են հասկանում մի քանի սուբյեկտ
1. Ալիևը
2. Էրդողանը
3. Պուտինի քարոզչական ապարատի «սոխակներն» ու «սարյակները» (դրանցից
ամենահայտնիի հաղորդման շրջանակներում, ի դեպ, Միկա Բադալյան անունով հայտնի պրոպագանդիստը
երեկ ահեղացունց վերլուծություն էր անում «միջանցքի», ՀՀ-ի կործանման, «Մեծ թուրանի» իրագործման և այս ամենի հետևանքով
ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու մասին)։
4. Քաղաքագետի «լիցենզիա» ունեցող, եթերից եթեր ցատկող որոշ «միջանցքագետներ»։
5. Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը «քըխ» համարող, բայց իշխանության
գալուց հետո այն չեղարկել չպատրաստվող «գտածուրիկ-տվածուրիկ»
ընդդիմությունը։
Այս բոլոր դեպքերում գործ ունենք ոչ թե դիսլեքսիայի (գիրկապ անել
չկարողանալու), այլ դիլեքսիայի սիմուլյացիայի՝ ինքզինքը հատուկ հաստատության պացիենտի
հետ նույնացնող արարածների հետ։
Հ. Մանուկյան