«Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի 4 սովորող և ծրագրի ղեկավար Ռիմա Գրիգորյանը Չինաստանում են՝ մասնակցելու «Youth Development for a Shared Future» խորագրով ամառային ճամբարին։
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։
Ծրագրի առաջին օրը՝ հուլիսի 6-ին, հայկական պատվիրակությունը, որի անդամներն են Վահե Ղազարյանը (Շամբ գյուղից), Անահիտ Խաչատրյանը (Բռնակոթ գյուղից), Շուշան Սարուխանյանը (Շաղաթ գյուղից), Եվա (Ակներ գյուղից) և ծրագրի ղեկավար Ռիմա Գրիգորյանը, մասնակցել է բացման նախաշեմին անցկացվող ծանոթացման ընթրիքին Պեկինի Rosamonde հաղորդակցման կենտրոնում։
Երկրորդ օրը՝ հուլիսի 7-ին, մեկնարկել է ճամբարի պաշտոնական բացման արարողությունը, որից հետո մասնակիցները ուղևորվել են Soong Ching Ling-ի նախկին նստավայր՝ ծանոթանալու Չինաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը։
Օրվա երկրորդ կեսին նաև հնարավորություն են ունեցել այցելել Չինական մեծ պատ, ինչպես նաև մասնակցել տարբեր վարպետաց դասերի՝ բացահայտելով ազգային արհեստների, երաժշտության և ծեսերի յուրահատկությունները։
Հուլիսի 8-ին, մասնակցելով iFLYTEK նորարարական ընկերության այցին, սովորողները հնարավորություն են ունեցել խորությամբ ծանոթանալու արհեստական բանականության և խոսքի ճանաչման տեխնոլոգիաների կիրառմանը կրթության և բժշկության ոլորտներում։
«Ընդհանուր առմամբ, ամառային ճամբարը լի էր բազմաբովանդակ այցերով և փորձառություններով․ երեխաները եղան Չինաստանի Գիտության և Տեխնոլոգիաների թանգարանում, Սյան քաղաքում, «Չանան Թվելվ Ավըրս» թեմատիկ թաղամասում և DaTang Everbright գիշերային քաղաքում և այլ դիտարժան վայրերում։ Այսօր ճամբարի վերջին օրն է, շահառուները տպավորված են ու շտապում են կիսել իրենց հույզերն ընկերների և ընտանիքի հետ՝ Հայաստան վերադառնալուն պես։ Այս ճամփորդությունը ոչ միայն գիտելիքի ու մշակութային փորձի ձեռքբերում է մեր ծրագրի սովորողների համար, այլև պատանիների համար բացառիկ առիթ՝ Հայաստանը ներկայացնելու, միջազգային շփումների մեջ անձնային աճ գրանցելու և սեփական ապագայի վերաբերյալ նոր տեսլական ձևավորելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։