Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է իր ենթակա կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները:
ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայություն
Սյունիքի մարզային վարչությունում կայացել է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման մասնագիտացմանը նվիրված աշխատանքային հանդիպում
Հանդիպման նպատակն էր խորացնել մասնագիտական պատրաստվածությունն ու կարողությունները՝ կապված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման մասնագիտացման գործընթացների հետ։
«Հայանտառ» ՊՈԱԿ
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ղեկավարների մասնակցությամբ։
Քննարկվել է մասնաճյուղերի արդյունավետ կառավարմանն ուղղվող հարցերի լայն շրջանակ՝ անտառտնկման նախապատրաստական աշխատանքներ, նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների ագրոտեխնիկական խնամք, հատատեղերի պլանավորում, կողմնակի անտառօգտագործում, կադրային ռեսուրսների գնահատում, իրազեկման գործընթացի ապահովում։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ
Իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ «Արևիք» ազգային պարկի և «Շիկահող» պետական արգելոցի տարածքներում։
«Բույսերի բազմազանության մշտադիտարկումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում» ծրագրի շրջանակում կազմակերպության գիտության, մոնիթորինգի և զբոսաշրջության մասնագետները՝ դաշտային աշխատանքների ընթացքում կատարել են՝ դեռևս 2024թվականի ընթացքում ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի մասնագետների հետ տեղադրված փորձահրապարակների սեզոնային ուսումնասիրություններ։ Ծրագիրն իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության, ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի, Կովկասի բնության հիմնադրամի, համագործակցության շրջանակում, վերջինիս ֆինանսավորմամբ:
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ
«Բույսերի բազմազանության մշտադիտարկումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում» ծրագրի շրջանակում իրականացվել է դաշտային աշխատանքներ:
Գիտության, մոնիթորինգի և զբոսաշրջության բաժնի մասնագետները, ծրագրի փորձագետների հետ համատեղ, ուսումնասիրել են տեղադրված փորձահրապարակները՝ կիրառելով համապատասխան մեթոդաբանություն և գործիքակազմ։
«Դիլիջան» ազգային պարկի գիտական բաժնի աշխատակիցների կողմից, պարբերաբար իրականացվում են շրջայցեր ազգային պարկի տարբեր հատվածներում ։
Տեղադրվում և թարմացվում են ֆոտոթակարդներ,
Թեյերի, թուրմերի պատրաստման համար հավաքվում են տարբեր բուսատեսակներից հումք։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը շարունակում է Սևանա լճի ափամերձ ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքների մաքրման աշխատանքները՝ լճի բնականոն վերականգնման ու առողջացման գործընթացի շրջանակում։
Մարտունու մասնաճյուղի 6, 12 և 13 քառակուսիներում իրականացվել են ջրածածկ տարածքների, ծառերի, թփուտների, բուսական մնացորդների, ինչպես նաև ջրից դուրս բերված կոճղերի հեռացման աշխատանքներ։
«Միջատների դերը բնության մեջ» թեմայով ինտերակտիվ խաղ-էքսկուրսիա է անցկացվել ՊՈԱԿ-ի այցելությունների կենտրոնում:
Մասնակցում էին Գեղագիտության ազգային կենտրոնի «Սևան» մասնաճյուղի «Հագուստի մոդելավորում» խմբի սաները: Սաները ծանոթացել են ազգային պարկի տարածքում հանդիպող միջատներին, ուսումնասիրել դրանց կենսակերպը և կառուցվածքը, իրենց տպավորությունները արտացոլել են ստեղծագործական աշխատանքներում:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր գործընկերների հետ համատեղ (World Monuments Fund, Heritage for Peace, Alma Mater University of Bologna, ԵՊՀ, Գեղարվեստի ակադեմիա) կազմակերպել էր Հավուց Թառ վանական համալիրի ուսումնասիրման վերաբերյալ ամառային դպրոցի այցը:
Գոռավանի «Գոռ» նախադպրոցական ուսումնական հաստատության սաները ճանաչողական այց են կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան, որի նպատակն էր երեխաներին մոտեցնել բնությանը և խթանել բնապահպանական գիտելիքների ձևավորումը վաղ տարիքից։