Տեսանյութում պարզ երևում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել․ մեկնընդմիշտ ուզում եմ փակել շահարկվող թեման․ Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ժողովուրդ» անունով մի թերթոն կա, բոլորդ էլ գիտեք, որ վերջերս իմ վերաբերյալ մի լուտանք էր գրել, որի մասին նախապես հայտնել էի: Նրանք գրել էին, որ ինչ-որ բախում է եղել կառավարության շենքի մոտ իմ և անհետ կորած զինծառայողների ծնողների միջև և ես փախել եմ, ինչը կատարյալ սուտ էր: Տեղադրում եմ սույն թվականի հունիսի 6-ին ժամը 18:30 շրջակայքում կառավարության շենք իմ մտնելու տեսագրությունը, երբ հանդիպել եմ շենքից դուրս եկող անհետ կորած զինծառայողների ծնողներին: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել, բարևել եմ, մի քանի բառ ենք փոխանակվել և վերջ: «Ժողովրդի» լուտանքի հղումը կդնեմ մեկնաբանությունում:


Եվ առիթը օգտագործելով մեկնընդմիշտ ուզում եմ փակել մի թեմա, որի մասին թեև շատ եմ խոսել, բայց այն կրկին շահարկվում է:


2018թ. առողջապահության նախարար նշանակվելուց հետո ինձ ԱՆ ենթակայության դատաբժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը զեկուցում է, որ մեր երկրին անհրաժեշտ է ԴՆԹ սեքվենատոր, որպեսզի կարողանան կենսաբանական նյութերի, հյուսվածքների, մարմինների նույնականացում իրականացնենք, որը մինչ այդ պահը չեն կարողացել իրականացնել ժամանակակից և ճշգրիտ մեթոդներով: Նա ինձ ասած, որ դա անհրաժեշտ է թե' հանցագործությունների բացահայտման, թե' հատկապես պատերազմական իրավիճակների ժամանակ անճանաչելի մարմինների նույնականացման համար: Ես դիմեցի վարչապետին, և կառավարությունը 2018-ին հավելյալ գումար հատկացրեց մեզ, որպեսզի գնենք մեր առաջին ԴՆԹ սեքվենատորը, որը սկսեց հաջողությամբ աշխատել: Ուզում եմ հատուկ շեշտել, մինչ դա մենք նման հնարավորություն չենք ունեցել և կենսաբանական նմուշները ԴՆԹ սեքվենավորման համար ուղարկվում էին արտերկիր, ինչը և՛ թանկ էր, և՛ ամիսներ էր տևում:


44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից մեր առաջին ԴՆԹ սեքվենատորը և ընդհանրապես ամբողջ դատաբժշկական ծառայությունը սկսեցին աշխատել 24-ժամյա ռեժիմով թե' անճանաչելի մարմինների նույնականացման, թե' մնացած փորձաքննություների համար, ինչի համար նրանց կրկին շնորհակալություն եմ հայտնում: Պատերազմի ավարտից հետո, քանի որ մենք նույնիսկ 24 ժամ աշխատելով օրական 15-20 նմուշից ավել չէինք կարողանում նույնանակացնել, իսկ մենք շատ անճանաչելի մարմիններ ունեինք, կառավարությունը որոշեց, որ պետք է գնենք նաև 2-րդ ԴՆԹ սեքվենատորը, ինչը արագացված ռեժիմով իրականացրեցինք և մեկ ամսից էլ պակաս ժամանակում այն արդեն աշխատում էր 2025թ. հունվարի կեսից, ինչի համար կրկին շնորհակալ եմ այդ ամենը նման արագ կերպով և հատկապես ամանօրյա և ծննդյան տոների ընթացքում կազմակերպելու համար, քանի որ արտասահմանում, որտեղից ձեռք էր բերվել և ներկրվել սարքը, այդ օրերին պարզապես գրեթե չեն աշխատում:


Եվ վերջում, ես չեմ սիրում և անթույլատրելի եմ համարում թե’ սեփական, թե’ այլոց վիշտը շահարկելն ու տիրաժավորելը, բայց պետք է ասեմ, որ իմ հորեղբոր որդին, ով ինքնակամ մեկնել էր ռազմաճակատ և զոհվել մարտերի ժամանակ, անհայտ կորած է համարվել 2020թ. հոկտեմբերի սկզբից մինչև 2021թ. հունվարի կեսերը և նրա անճանաչելի մարմինը ճանաչվել է միայն հենց այդ նույն ԴՆԹ սեքվենավորման արդյունքում, որից հետո էլ մենք սգացել ենք նրա մահը և նրան հողին ենք հանձնել: Եվ ես խնդրում և կոչ եմ անում դադարեցնել շահարկել այս թեման և եթե կան նույնականացված մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն, դրանք հուղարկավորել և սգալ նրանց կորուստը, ինչպես մենք և մեր բազմաթիվ հայրենակիցներ են իրականացրել, որովհետև այդ հարցին այլ լուծում պարզապես չկա: Փառք նահատակներին: