Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կրեմլին ուղղված «դեկորատիվ վերջնագիրը» «ոչ մի մտահոգություն չի առաջացնում Ռուսաստանի համար»։
«Թրամփը Կրեմլին դեկորատիվ վերջնագիր ներկայացրեց։ Աշխարհը սարսռաց՝ սպասելով հետևանքներին։ Ռազմաշունչ Եվրոպան հիասթափված է։ Ռուսաստանի համար միևնույն էր»,- գրել է Մեդվեդևը X-ի իր էջում։
Նախօրեին Թրամփը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի դեմ նոր միջոցների մասին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ կսահմանի խիստ սահմանափակումներ՝ 100% մաքսատուրքեր, եթե 50 օրից ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց չլինի։ Բացի դրանից, ԱՄՆ նախագահը հայտարարել է Կիևին Եվրոպայի միջոցով 17 Patriot համակարգերի հնարավոր մատակարարման մասին։
Վերջերս Թրամփը կտրուկ էր արձագանքել Մեդվեդևի այն գրառմանը, որ մի շարք երկրներ պատրաստ են Իրանին ուղղակիորեն մատակարարել իրենց միջուկային զենքը: Սպիտակ տան ղեկավարի կտրուկ արձագանքից հետո Մեդվեդևը հրապարակեց մեկ այլ գրառում, որում հավաստիացրեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք փոխանցել Թեհրանին: