«Պուտինն անձամբ կորոշի՝ մեկնաբանե՞լ, թե՞ ոչ». Պեսկովը՝ ՌԴ նախագահի հասցեին Թրամփի արած հայտարարության մասին

Կրեմլը ծանոթացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարությանը Կիևին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ և մտադիր է կատարել դրա մանրամասն վերլուծություն։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«ԱՄՆ նախագահի հայտարարությունները շատ լուրջ են։ Դրանցում ինչ-որ բան հասցեագրված է անձամբ նախագահ Պուտինին,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։- Մեզ, անշուշտ, ժամանակ է պետք վերլուծելու Վաշինգտոնում ասվածը»։


Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինն ինքը կորոշի՝ անձամբ արձագանքե՞լ Թրամփի խոսքերին, որոնք հնչեցվել են հուլիսի 14-ին։ «Եթե և երբ նախագահ Պուտինը անհրաժեշտ համարի, նա անպայման կմեկնաբանի դա (Թրամփի հայտարարությունը),- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։- Եկեք սպասենք Պուտինի որոշմանը՝ արդյոք նա ինքը կմեկնաբանի՞ դա»։


ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Կրեմլի դիրքորոշումը Վաշինգտոնի որոշմանը Ուկրաինայի արձագանքի վերաբերյալ չափազանց հստակ է. «Մեկ բան կարելի է միանշանակ ասել. Ուկրաինան Վաշինգտոնում կայացված որոշումները ընկալում է ոչ թե որպես խաղաղության ազդանշան, այլ որպես պատերազմը շարունակելու ազդանշան»։


Բացի դրանից, Պեսկովը նշել է, որ արևմտյան լրատվամիջոցներում լուրերը, թե Կիևը իբր կարող է հարվածել Մոսկվային, վաղուց են հայտնվում։ «Այդպիսի հռետորաբանությունը միայն հիմա չէ, որ հայտնվել է»,- պատասխանել է Պեսկովը հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում նման հռետորաբանության ի հայտ գալուն, թեկուզ լրատվամիջոցների մակարդակով։ «Որպես կանոն, այս ամենը ավելի հաճախ ֆեյք է լինում։ Սակայն հաճախ լինում են նաև լուրջ արտահոսքեր, այդ թվում՝ այն պարբերականներում, որոնք մենք նախկինում համարում էինք շատ հարգված»,- հավելել է նա։


Ի պատասխան խնդրանքին՝ մեկնաբանել BBC-ին տված հարցազրույցում Թրամփի խոսքերը, որոնցում նա հիասթափություն է հայտնել Վլադիմիր Պուտինից, Պեսկովը կարճ հավելել է. «Խնդրում եմ ուշադրություն դարձնել իմ վերջին արված արտահայտությանը։ Սա ամենն է, ինչ այս պահին ես ասացի այդ թեմայով»։