Երևանի քաղաքապետարանում այսօր
տեղի ունեցավ 1991 թվականից մինչև 2025 թվականը Երևանին պատկանած մանկապարտեզների տարածքների
օտարման գործընթացներն ուսումնասիրող Երևան քաղաքի ավագանու քննող հանձնաժողովի առաջին
նիստը։
Նորաստեղծ հանձնաժողովի նախագահ
Արմեն Գալջյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նպատակն է բացահայտել և փաստերով պարզել,
թե նշված ժամանակահատվածում ինչ է տեղի ունեցել այն տարածքների հետ, որոնք պատկանում
էին համայնքին, և որոնք օտարվել են տարբեր անձանց, այդ թվում՝ պաշտոնյաներին կամ նրանց
մերձավորներին։ Նշենք, որ այդ որոշումների և գործարքների հետևանքով Երևանի հազարավոր
երեխաներ զրկվել են մանկապարտեզ հաճախելու իրենց իրավունքից։
40 կամ գուցե ավելի մանկապարտեզների տարածքների օտարումները
տեղի են ունեցել 1990-ականների վերջերից մինչև հատկապես 2008 թվականը և նաև դրանից
հետո։ Նկատենք, որ դա համընկնում է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիների հետ։
Ի դեպ, Երևանի ավագանու «Մայր
Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, իսկ
«Ազգային առաջընթաց» խմբակցությունից երկու հոգի սկզբում ցանկացել են մասնակցել, հետո
հրաժարվել են։
Արմեն Գալջյանը ներկայացրեց մի
քանի դեպք՝ մասնավորեցնելով հետևյալը, որ օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում
1998-2018 թվականներին օտարվել է 10 մանկապարտեզի տարածք, և Կենտրոն վարչական շրջանի
ղեկավարի աշխատակազմում գրված է, որ օտարման հիմքում ընկած փաստաթղթերի վերաբերյալ
տեղեկատվություն առկա չէ, ինչն առնվազն տարօրինակ է։ Ինչ վերաբերում է Արաբկիր վարչական
շրջանի թիվ 136 մսուր-մանկապարտեզի օտարման գործընթացին, Արմեն Գալջյանն ասաց. «Այս
որոշման մեջ մասնավորապես ասվում է, որ Արաբկիրի թաղապետարանի կրթության, մշակույթի
և սպորտի բաժնի ուսումնասիրությունից պարզվել է, որ համայնքի հաշվեկշռում գտնվող թիվ
136 մսուր-մանկապարտեզի հետագա գործունեությունը նպատակահարմար է դադարեցնել՝ մանկապարտեզի
տարածքի անբավարար և սանիտարական նորմերի անհամապատասխան լինելու պատճառով։ Սա նույնպես
տարօրինակ է. սանիտարական բժշկի գրությունը հիմք ընդունել և դադարեցնել գործունեությունը՝ ևս պետք է ուսումնասիրել»։
Մեզ հետ զրույցում Արմեն
Գալջյանն ասաց, որ օտարումները և տարօրինակ են, և ինչ-որ տեղ պարզ է, թե ինչու են դրանք
տեղի ունեցել։
«Որովհետև այդ տարիներին
ոչ միայն համայնքային գույքերն են օտարվել, այլ նաև պետական ենթակառուցվածքներն են
օտարվել։ Եվ էդտեղ կարծում եմ՝ զարմանալու որևէ բան չկա։ Մենք կքննարկենք, կուսումնասիրենք
և հետագայում արդեն հանրությանը շատ ավելի պարզ կներկայացնենք անձերով, թե կոնկրետ
ովքեր են եղել, ինչու են օտարել էդ մանկապարտեզների տարածքները, և կարծում եմ՝ ամեն ինչ ավելի ակնհայտ
կլինի մեր հանրության համար»։
Երևանի ավագանու «Հանրապետություն»
խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն էլ ասաց. «Այն, ինչ ՀՀ-ում վաճառվել է կամ անհատույց
տրվել է ինչ-որ մարդկանց, բոլորը, չգիտես ինչու, համընկնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման
ընթացքի հետ։ «Գույք պարտքի դիմաց» երկիրը, հիմա էլ այս հանձնաժողովի ուսումնասիրությունները
ցույց են տալիս, որ մանկապարտեզների 99 տոկոսը օտարվել է հենց Քոչարյանի իշխանության
տարիներին. էդ իրենց կառավարման մեթոդն է եղել: Եվ եթե նկատեցիք, հաշվարկով փաստացի
ֆիքսվեց այն, որ այս օտարված մանկապարտեզները, որոնք այս պահին մեր ձեռքի տակ են, եթե
օտարված չլինեին, գալիս էր կանգնում էր զրոյական այն թվին, որ Երևանում մանկապարտեզների
ոչ մի հերթ չէր լինի»,- ասաց Անի Խաչատրյանը։
Ի հավելումն նա ասաց,
որ սա ապագան ոչնչացնելու քայլ է, որովհետև մանկապարտեզները, կրթական հաստատությունները,
երեխաներին կրթելը մեր ապագան է, իսկ Քոչարյանի իշխանության տարիների մեթոդները հենց
միտված են եղել նրան, որպեսզի ՀՀ ապագան ոչնչանա։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան