Տաշիր Սամոն կհամախմբի՞ ահաբեկչությունը արդարացողներին

Նախորդ տարվանից ընդդիմադիր ցույցեր գլխավորած հոգևորական Վազգեն Գալստանյանը չհաջողեց քաղաքական, փողոցային ճանապարհով հաջողության հասնել։ Նա որոշակի դադար վերցրեց ու հայտարարեց, որ ոչ հրապարակային ակտիվ աշխատանքներ են անում, կազմակերպչական փուլում են, և հասարակությունը շուտով գործողությունների ականատես կլինի։ Մեծ վստահությամբ պնդում էր՝ չեն սպասելու ընտրություններին, դրան չեն մասնակցելու։ Պարզվեց՝ կազմակերպչական աշխատանքներ ասելով Գալստանյանը նկատի ուներ իշխանությունը բռնի զավթելը, սահմանադրական կարգը տապալելը։ Այս բացահայտումը իրավապահ կառույցներն են արել, ձայնագրություններ հրապարակել, դրանց սղագրությունները, ինչպես նաև ձայնագրություններում հնչած գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ իրեր, զենքեր, առարկաներ են հայտնաբերել։ Գալստանյանին և իր խմբի մի քանի անդամների ձերբակալեցին, ապա կալանավորեցին։ Փաստաբանական կազմը և համակիրները նախ պնդում էին՝ ձայնագրությունները ստեղծված են արհեստական բանականության միջոցով։ Ապա՝ փաստաբան Արամ Օրբելյանը հաստատեց, որ ձայնագրություններում Վազգեն Գալստանյանի ձայնն է՝ ուղղակի, ըստ նրանց, այն մոնտաժված և կոնտեքստից կտրված է։


Ապա փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը փորձեց փրկել հոգևորականի շորերով քայլող Գալստանյանի դեմքն ու մարդկանց գնդակահարելու մասին վերջինիս խոսքերը վերագրեց թմրամոլներին՝ բառիգներին։ Հետո, հավանաբար հասկանալով, որ անգամ թմրամոլներին գնդակահարելու կոչը, ցանկությունը ևս «չի ուտվում» հատկապես հոգևորականի դեմքով հանդես եկողի կողմից, նոր վերսիա մատուցեցին՝ ոչ թե թմրամոլներին գնդակահարել է նկատի ունեցել Գալստանյանը, այլ ապագայում մահապատիժը վերականգնելու մասին է խոսել։ Իսկ թե ինչո՞ւ պետք է մահապատժի ենթարկվածների ընտանիքներին հետո կոմպենսացիա տրամադրվեր՝ ինչպես ձայնագրությունում Գալստանյանն էր ասում, անհայտ է։


Ինչևէ՝ բազմաթիվ խմբեր, անհատներ, քաղաքական գործիչներ, հղում անելով փաստաբանների ու Գալստանյանի թիմակիցների այս անհաջող և օրըստօրե փոփոխվող «կռուտիտներին», փորձում են արդարացնել Գալստանյանի և իր խմբի կողմից պլանավորված գործողությունները և դրանք փորձում են ներկայացնել որպես քաղաքական հետապնդում։ 

 

Ցանկանում ենք ընդգծել նրանցից մի քանիսին, որոնք հանդես են գալիս իբր չեզոք կամ լավին՝ լավ, վատին՝ վատ ասող, երրորդ ուժի դիրքերից հանդես եկող, բռնությունը բոլոր դեպքերում մերժող, սակայն ակնհայտորեն արդարացնում են ուժով, ընտրողների կամքին բռնանալով, սահմանադրական կարգը տապալելով իշխանությունը զավթելու ցանկություններն ու պլանավորումը։  


Օրինակ՝ Էդմոն Մարուքյանը, որ 2018-ից ի վեր իրեն դրել է երրորդ ուժի տեղ ու այդպես էլ չի կողմնորոշվում, չի գտնում իր տեղը, նամակով դիմել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային:


«Խնդրում եմ պահանջել Հայաստանի Հանրապետության վարչապետից՝ շուտափույթ կերպով ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»,- գրել է Մարուքյանը։


«Մեր երկրում հենց այս պահին հարցազրույց տալու համար ապօրինի կալանավորված է բարերար Սամվել Կարապետյանը, որի հայտարարությունը միտված է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությանը, և միայն այդ պատճառով նա այժմ պահվում է Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի նկուղում (հայ ժողովրդին առավել հայտնի որպես ԿԳԲ-ի պադվալ)։ Նույն կալանավայրում է գտնվում նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ կրկին հարցազրույց տալու համար։ Հարկ է ընդգծել, որ Միքայել սրբազանը խորհրդարանական ընդդիմության միասնական վարչապետի թեկնածուն է և ունի 36 պատգամավորի ստորագրություն՝ իմպիչմենթի գործընթացի շրջանակներում։ Ուզում եմ տեղեկացնել, որ իշխանական պատգամավորները արդեն սպառնում են փակել Հայաստանում գործող կուսակցություններից մեկը՝ խոսքը Հայ Յեղափոխական Դաշնակցության մասին է»։


Դիմելով Կոշտային և Ֆոն դեր Լյայենին՝ Մարուքյանը խնդրել է բարձրացնել այս հարցերը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Նա կոչ է արել «չդառնալ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ»։

 

Չնայած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին անկողմնակալ դժվար է անվանել, բայց նա մեծ հաշվով երբեք հայկական քաղաքական դաշտում չի եղել։ Այս օրերին, սակայն, հանդես է գալիս հայտարարություններով։


Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ, քանի որ եկեղեցին հայ հասարակության հիմքն է, իսկ կառավարությունը սկսում է գործել օրենքից դուրս: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։


Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ, իհարկե, առաջին անգամ չի «թաթախվում» հայկական քաղաքական կյանքի մեջ, սակայն, համաձայնեք, թեկուզ նախկին օմբուդսմենի կողմից բազմաթիվ քաղաքացիների կյանքը և առողջությունը վտանգելու ճանապարհով փողոցներում տարբեր գործողություններ պլանավորողներին ու իրենց հովանավորողներին պաշտպանելը պետք է տարօրինակ լինի։


«Այո, այն իրականում դուրս է Եկեղեցու անձերի խնդրից, այն արդեն դուրս է եկել սոսկ Հայոց Եկեղեցու մակարդակից, ինչքան էլ ՔՊ կուսակցության ղեկավարն ու ՔՊ տարբեր պատգամավորներ փորձեն հակառակը համոզել, դա պարզից էլ պարզ է։


Ակնհայտ տպավորություն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայոց վերջին հենասյունն է, որը պետք է քանդի Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով՝ առաջ տանելու համար «արևմտյան Ադրբեջանի» զավթողական ծրագիրը, որը ենթադրում է, որ ոչ միայն Հայաստանի տարածքն է «ադրբեջանական», այլև «հարյուր հազարավոր, այսպես կոչված, փախստականներ պետք է բնակություն հաստատեն Հայաստանում»։ Սա, իրականում, հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է»:


 

Արևմտամետ դիրքերից հանդես եկող ԱԺԲ-ն էլ դիվահարվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից, որտեղ վերջինս իր աջակցությունն էր հայտնել վարչապետ Փաշինյանին Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում։  


«Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խորապես մտահոգված է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ կոլաբորանտ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո արված հայտարարությամբ։ Հայ ժողովրդի ակնկալիքը բարեկամ Ֆրանսիայի Հանրապետությունից հայ ժողովրդի սրբությունները ոտնահարելուն և Հայաստանը Թուրքիայի ազդեցության գոտի տեղափոխելուն աջակցելը չէ»։


Ահաբեկչությունն արդարացնող հայտարարություններ են արել նաև Տիգրան Ուրիխանյանը՝ արտերկրից հոխորտալով, Նաիրա Զոհրաբյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի մի շարք ներկա ու նախկին պրոպագանդիստներ, գրեթե ողջ քաղաքական ու մերձքաղաքական դաշտը՝ հանած ժողովրդավարական արժեքներ կրող ուժերը, որոնք Հայաստանում փոփոխությունները տեսնում են օրինական՝ ընտրությունների ճանապարհով։


Ահաբեկչությունն արդարացնողների թվում են նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Սրբազան պայքարի» նախկին աջակից, անդամ Սուրեն Պետրոսյանը, «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանը, հաստիքային հայրենասեր Անաիս Սարդարյանը, Փաշինյանի կառավարությունում ՊԵԿ նախագահ աշխատած, ապա աշխատանքից հեռացված ու հիմա մտահոգ հայրենասերի վերածված Դավիթ Անանյանը և այլք։

 

Վովա Հակոբյան