Արձանագրենք՝ բոլոր առյուծ կտրածները ՀՀ դատաիրավական համակարգին հանդիպելիս մուկ են դառնում․ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Մոտ մեկ ամիս առաջ Սամվել Կարապետյանը 35 վայրկյանանոց իր հարցազրույցում ասաց․ «Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին:»:


Սամվել Կարապետյանի փաստաբանը մեկնաբանեց․ «Կարապետյանը այն կարծիքին է, որ դա ընդամենը երկու կողմերի միջև եղել է հաշտության կոչ։ Եթե հաշտության չգան, իր միջոցներով կփորձի երկու կողմերին բերել հաշտության։»:


Իհարկե դատարանը որոշում կկայացնի Սամվել Կարապետյանի հետագա ճակատագրի մասին։ Մենք պարզապես արձանագրենք, որ բոլոր առյուծ կտրածները Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգին հանդիպելիս մուկ են դառնում:


Սակայն Սամվել Կարապետյանի 35 վայրկյանանոց հարցազրույցը ամբողջությամբ մեջբերեցի այլ հանգամանքի պատճառով։ Հայ Առաքելական Եկեղեցին, որ Հայաստանի Հանրապետության ստեղծումից հետո պիտի վերանայեր կայսրությունների օրոք թրծված իր լեզվամտածողությունը, Սամվել Կարապետյանին անվանում է «ազգային բարերար»՝ մի ողջ ազգի բարերար։ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքական մտքի աշակերտ Սամվել Կարապետյանն էլ ասում է․ «Ես միշտ եղել եմ հայ ժողովրդի կողքին»։


Ի՜նչ աստիճանի թշվառ ու կարիքավոր է երևակայվում ազգն ու ժողովուրդը այս քաղաքական մտածողության մեջ։ Եւ ինչերի՜ են պատրաստ այս մարդիկ սեփական ազգին ու ժողովրդին նորից թշվառության ու կարիքի դատապարտելու համար, միայն թե դրա վրա հենվելով պահպանեն և կամ վերականգնեն իրենց իշխանությունը՝ տնտեսական իշխանությունը, քաղաքական իշխանությունը, Հայաստանի ժողովրդի ու հայ ազգի անունից խոսելու իշխանությունը։


Հաշտություն լինելու է։ Ավելին՝ հնազանդություն է լինելու։ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդի կարգին ու օրենքին։