Ավելի քան 4 ժամ 30 րոպե տեւած ասուլիսի գլխավոր երեք մեսիջները. Ռոմանոս Պետրոսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


«Ավելի քան 4 ժամ 30 րոպե տեւած ասուլիսի գլխավոր երեք մեսիջներն ինձ համար հետեւյալն են.


 Հայաստանի Հանրապետությունն այլեւս իր ինքնիշխանության դիմակայունությունը խաթարող նվազագույն արգելապատնեշը հաղթահարել է, եւ ՄԵՆՔ ինքներս ենք արդեն որոշում մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, բարեկամներին, մեր պետական շահն ու դրա սպասարկման գործիքակազմերը։


ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ու քաղաքական իշխանությունը ճանաչում եւ հարգում են Հայաստանյայց Սուրբ Առաքելական ԵԿԵՂԵՑՈՒ անուրանալի դերը եւ առաքելությունը մեր երկրի ու ժողովրդի կյանքում, հոգեւոր դաստիարակության եւ կրոնական պահանջմունքների բավարարման գործում, սակայն դա որեւէ աղերս չունի Կուսակրոնության ուխտը եւ Կանոնագրքի պահանջները խախտած քաղաքացի Կտրիճ Ներսիսյանի եւ նրա համախոհ սրբազանների քաղաքական գործունեության եւ ՀԱԵ-ի ներսում տիրող մի շարք արգահատելի երեւույթների հետ։


 Օտար երկրների շահերն սպասարկող՝ կղերակլանային շրջանակներն ու օտարահպատակ, քրեաօլիգարխիկ միավորներն այլեւս կենսունակ չեն ազգային պետության դեմ իրենց պայքարում՝ անկախ նրանց ֆինանսատնտեսական ու մարդկային-ադմինիստրատիվ ռեսուրսի ծավալներից, եւ այդ տարրերն աներկբայորեն մնում/մնալու են ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ կրնկի տակ առհավետ։


Դե իսկ մեր երկրում պետական բյուջեի եւ մասնավոր հատվածի միջոցներով իրանակացվող՝ աննախադեպ ծավալի կապիտալ շինարարության, ճանապարհաշինության, դպրոցաշինության, ենթակառուցվածքների մասշտաբային վերափոխման, ծառայությունների հասանելիության ահագնացող տեմպերի, ինչպես նաեւ անվտանգային համակարգերի արդիականացման, առողջապահության, սոցիալական ապահովության, կրթական բարեփոխումների մասին ոչ մի հարց չհնչեց, քանի որ դա ԱԿՆԱՌՈՒ Է, ակնհայտը հնարավոր չէ մանիպուլացնել, ձեւախեղել եւ որեւէ կերպ արժեզրկել. ուստի եւ այդ մասին որոշները որոշեցին պարզապես լռել…


Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Աստված պահի Հայաստանն ու հայ ժողովրդին»։