Գրող Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ադրբեջանի տարածաշրջանային ամբիցիաների համատեքստում ամենամղձավանջային բանը, որը կարող է լինել Ալիևի համար, դա Սյունիքով անցնող կոմունիկացիաների հայ-ամերիկյան համատեղ վերահսկողությունն է:
Բոլոր գերտերություններից անկախ քաղաքականություն վարելու նրա նկրտումները էականորեն կսահմանափակվեն, երբ դեպի Նախիջևան և Թուրքիա անցումը սկսվի վերահսկվել ԱՄՆ-ի կողմից` Ադրբեջանին դնելով կախվածության մեջ:
Ալիևի համար սա ոչ թե «միջանցք» նվեր ստանալ է` ինչպես ներկայացնում են Հայաստանյան որոշ շրջանակներ, այլ սեփական ինքնիշխանության և հավակնությունների սահմանափակման իրական վտանգ:
Դոնալդ Թրամպին մերժելը հեշտ բան չէ և դա հասկանում են Ադրբեջանում:
Սա ռուսական խաղաղապահների ներկայությամբ Արցախի դատարկելը չէ, երբ արդեն հաշվել ես Վլադիմիր Պուտինի ատամները:
Անշուշտ, Ադրբեջանի համար իրավիճակի լավագույն լուծումը կլինի` հայկական կողմի մերժումը: Այդ դեպքում և հնարավոր կլինի Թրամպի զայրույթն ամբողջապես ուղղել Հայաստանի կողմը և կառուցողական համարվել և խուսափել ամերիկյան վերահսկողությունից և թնջուկը նորից վերավաճառել Ռուսաստանին:
Ալիևի «երազանքը» իրականություն փորձում է դարձնել հայրենի ամենաաստվածավախ և ամենաահայրենասեր ընդդիմությունը` առավոտից երեկո հայհոյելով հայ-ամերիկյան վերահսկողության գաղափարը:
Ալիևն անշուշտ կուզի 3 ձեռքով օգնած լինել նրանց, բայց բարեբախտաբար շարքային քաղաքացին ամենևին էլ «խորը» անասուն չէ, ոնց կարծում են ընդդիմությունը, ռազմավարական դաշնակիցն ու Ալիևը:
Հ.Գ. Հայաստանի Հանրապետության շահեր ասվածը պոզով-պոչով և վերացական չեն լինում, դրանք շատ առարկայական բաներ են, ինչպես օրինակ Ադրբեջանին հայ-ամերիկյան կախվածություն պարտադրելը:
Դրա դեմ խոսելով, մտածե´ք , թե ու՞մ շահերն եք պաշտպանում:
Ես չգիտեմ, թե որքանով է իրատեսական այս ամենի վերջնական իրագործումը, բայց Հայաստանը իրավունք չունի չփորձել օգտվել այս հնարավորությունից: