Հայաստանի հետ մեր անկախ հարաբերություններն ենք ստեղծել և ոչ մի այլ երկրի պատուհանից չենք դիտում դրանք. Սոբհանի

Հայաստանի Հանրապետության հարաբերությունների դիվերսիֆիկացիաների կողմերից մեկը հենց Իրանն է եղել:


Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:


Խոսելով կոմունիկացիաների ապաշրջափակման մասին՝ դեսպանը նկատեց.


«Մենք հետամուտ ենք, որ այդ կոմունիկացիաներն ու ճանապարհներն ավելացնենք: Հայաստանի հետ հարաբերվելիս անկախ քաղաքականություն ենք որդեգրել և կիրառում: Այս քաղաքականությունը, որը մենք կիրառում ենք Հայաստանի նկատմամբ որևիցե այլ երկրի դեմ չէ. սա երկու երկրների, երկու ժողովուրդների շահերին է ծառայում:


Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի արտաքին հարաբերությունները այլ երկրների հետ լինի բնական և լավ: Մենք Հայաստանի հետ մեր անկախ հարաբերություններն ենք ստեղծել և ոչ մի այլ երկրի պատուհանից չենք դիտում այդ հարաբերությունները:


Մենք ցանկանում ենք բոլոր ոլորտներում մեր հարաբերությունները Հայաստանի հետ զարգացնել:


Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը ապրի խաղաղ պայմաններում և նաև խաղաղ գոյակցություն ունենա իր բոլոր հարևանների հետ, որովհետև սա բխում է մեր տարածաշրջանի անվտանգությունից:


Հայաստանը մեր հարևան պետությունների շարքում իր հատուկ և ուրույն տեղն ունի, Հայաստանը մեր ազնիվ հարևան երկիրն է: Ինչպես ցանկանում են՝ կարող են մեկնաբանել, բայց սա է իրականությունը:


Հայաստանի Հանրապետության հետ մեր քաղաքականությունը անկախ է և մեր երկրների բարձրաստիճան ղեկավարությունը ցանկանում է. որպեսզի այս հարաբերությունները առավել զարգացնենք»,- ասաց դեսպանը:


Ըստ Մեհդի Սոբհանիի, փոխադարձ քաղաքական ընկալում կա, ըստ որի 2 երկրների միջև հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից և պետք է դա բարձր գնահատել:


«Ուրեմն պետք է այստեղ ընդգծեմ, որ այո, մեր այս հարաբերությունները կարող են նաև ունենալ թշնամիներ, չցանկանան որպեսզի մեր հարաբերությունները այսպես զարգանան: Փորձում են մեր դիրքորոշումների մեջ կասկածներ առաջացնել և այդ կասկածների արդյունքում նաև փոխըմբռնում, հետո փոխըմբռնումը վերածել  տարաձայնությունների: Սակայն մենք կարողանում ենք հանդիպումների և խորհրդակցությունների արդյունքում պարզաբանել այդ ամենը և թույլ չտանք որ նման թյուր ըմբռնումներ առաջանան»,- ասաց նա: