Իրանը ողջունում ՀՀ-ի արտաքին հարաբերությունների նորմալացումը այլ երկրների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ․ դեսպան

Իրանը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության վճռական դիրքորոշումը և աջակցությունը, որը բարձրաձայնվեց Իրանի վրա վերջին հարձակման օրերին:


Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:


«Դրանով Հայաստանը ցույց տվեց, որ ՀՀ կառավարությունը և ժողովուրդը և ուրախության, և տխրության օրերին գտնվում են Իրանի կառավարության և ժողովրդի կողքին»,- ասաց դեսպանը:


Ինչ դիրքորոշում ունի իրանը Խաղաղության պայմանագրի, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման քննարկումների և քայլերի վերաբերյալ:


«Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների նորմալացումը այլ երկրների հետ, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության հետ: Դուք հարևաններ եք և հարևանները, բնական է, որ պետք է միշտ խաղաղության և անվտանգ պայմաններում ապրենք կողք կողքի: Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա դուք մեր դիրքորոշմանը ծանոթ եք: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, բայց ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ազգային և տարածքային ինքնիշխանության, երկրների տարածքային ամբողջականության շրջանակում և տարածաշրջանի երկրները պետք է օգտվեն դրանից»,- ասաց Իրանի դեսպանը: