«Ստրկացնելու դասական ժանրից է». Զախարովան՝ Հայաստանի ֆինանսավորումն ավելացնելու ԵՄ խոստման մասին

Հայաստանի ֆինանսավորումն ավելացնելու ԵՄ խոստումը ստրկացման դասական ժանրից է, մինչդեռ Ռուսաստանը չի պատրաստվում նայել Երևանի գրպանը, քանի որ «դա նրանց հարաբերություններն են եվրոպական ինստիտուտների հետ»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո ԵՄ-ն խոստացել է Global Gateway ռազմավարության շրջանակներում Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 2,5 միլիարդ եվրոյի և 1,5 միլիոն եվրո հատկացնել անկախ լրատվամիջոցներին:


«Սա դասական ժանր է Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար՝ շռայլ խոստումներ տալ, ապա այդ ֆինանսական խոստումների սոուսի տակ ստրկացնել գործընթացներով՝ հանելով փրփուրը և ստանալով օգուտներ», - ասել է Զախարովան։


Նրա խոսքով՝ ԵՄ-ն նույն օգնությունը մի քանի անգամ հաշվում է, տարբեր մեքենայություններ է նախաձեռնում, խոստանում է մի բան, տալիս երկու անգամ քիչ կամ ընդհանրապես ոչինչ չի հատկացնում։


Զախարովան նշել է, որ տնտեսական օգնությունը վաղուց դարձել է ԵՄ-ի համար լծակ՝ ազդելու երրորդ երկրների քաղաքականության վրա և միջամտելու նրանց ներքին գործերին։