Կայացել է հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի միջև

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ:


Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը:



Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։



Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ընդգծելով դրա դերը տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Կարևորվել է նախաձեռնության կապը ԵՄ Global Gateway ռազմավարության հետ:


Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ: