Կառավարությունն այսօր ՀՀ ԱԺ է ուղարկել Հռոմի ստատուտը`վավերացման։ Այս մասին տեղեկությունը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Ստատուտը խորհրդարան է ուղարկվել սովորական ռեժիմով, ինչը նշանակում է, որ այն ԱԺ-ն կքննարկի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգում այն չի ներառվելու։
Հիշեցնենք, որ 2022-ի տարեվերջին ՀՀ կառավարությունը դիմել էր Սահմանադրական դատարան՝ Հռոմի կանոնադրության ճանաչման հարցով, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:
Սահմանադրական դատարանն էլ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։
«Հռոմի ստատուտի» վավերացումից հետո Հայաստանը կարող է դիմում ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ Ալիևին միջազգային քրեական հետապնդման ենթարկելու պահանջով։ Առանց դրա շատ ավելի բարդ պրոցես է, որովհետև այդ դեպքում պետք է ՄԱԿ ԱԽ-ով անցնի, նոր գործընթացը շարունակվի։