ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Կարեն Շահնազարովի և ևս ինը ռուս քաղաքացիների նկատմամբ

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Կարեն Շահնազարովի և ևս ինը ռուս քաղաքացիների նկատմամբ։


Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ներդրման վերաբերյալ բանաձևում, որը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում։


Շահնազարովից բացի, ցուցակում են Տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավար Իլշատ Շագյախմետովը, Ղրիմի մշակույթի առաջին փոխնախարար Օլգա Բուրովան, Վ. Ի. Վերնադսկու անվան Ղրիմի դաշնային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վլադիմիր Կուրյանովը, «Վոլգատրանս» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ֆոֆանովը, «Բաց համակարգերի զարգացման տեխնոլոգիա» ընկերության թոփ մենեջեր Ալեքսանդր Ուշկոն, «ՖոսԱգրո» ընկերության բաժնետեր Տատյանա Լիտվինենկոն, Նիկիտա Զախարովը, որին ԵՄ-ն կապում է «Աէրոսկան» ընկերության հետ, «Պոյսկ» ընկերության գլխավոր տնօրեն Ֆելիքս Պլեսկաչևսկին և ձեռնարկատեր Սվետլանա Նիկոլաևան։


Սահմանափակող միջոցառումները ազդեցին նաև չինացի գործարար Լին Չժոնգհենգի վրա, որին Եվրամիությունը կասկածում է Ռուսաստանին տեխնոլոգիական բաղադրիչներ մատակարարելու մեջ, և իրանցի Հոսեյն Շամխանիի վրա, որը «Ադմիրալ Շիփինգ» ընկերության տնօրենն է։


Սև ցուցակում են նաև Հնդկաստանի քաղաքացի Աբհինավ Կամալը և Ադրբեջանի քաղաքացի Ախմեդ Քերիմովը, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են այսպես կոչված ռուսական ստվերային տանկերային նավատորմի մեջ։


Պատժամիջոցների ենթարկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ, իսկ նրանց ակտիվները եվրոպական իրավասություններում ենթակա են սառեցման։