Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում «բարդ շրջան է» սկսվել, Կրեմլը, սակայն, հույս ունի, որ այն կանցնի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի և
Ադրբեջանի միջև հարաբերություններն ունեն ամուր հիմք, «բայց երբեմն պատահում է»,
որ այդ հարաբերություններում «տեղի են ունենում բարդ շրջաններ», և հիմա այդ
շրջաններից մեկն է, հայտարարել են Կրեմլում, փոխանցում է РБК-ն։
«Մենք հույս
ունենք, որ այս ժամանակաշրջանը կանցնի, մենք կարծում ենք, որ
երկու երկրների միջև համագործակցությունն իսկապես փոխադարձ օգուտ է բերում: Մեզ
համար շատ կարևոր է, որ Ադրբեջանում ռուս (ժողովրդին) հարգեն: Ռուսաստանում ապրում
է շատ մեծ ադրբեջանական սփյուռք: Սփյուռքի գրեթե բոլոր ներկայացուցիչները մեր
օրինապահ քաղաքացիներն են, որոնք
այստեղ արժանի հարգանք են վայելում: Այն քաղաքացիները, որոնք խախտում են օրենքները, հետապնդվում են օրենքով»,- վստահեցրել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ եթե Ադրբեջանը որոշի դատի տալ
Ռուսաստանին՝ կապված AZAL ուղևորատար
ինքնաթիռի խոցման հետ, Մոսկվան կսպասի պաշտոնական վճիռներին։ «Քննչական
գործողություններ են ընթանում, ընթանում է դատաքննություն։ Եթե Ադրբեջանը նման
որոշում կայացնի, դա Ադրբեջանի իրավունքն է, մենք կսպասենք պաշտոնական
դատավճիռներին»,- ասել է Պեսկովը։