ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանրային կյանքում ամեն ինչ քաղաքական է։
Իհարկե անհույս է ծանրաբեռնել Սամվել և Նարեկ Կարապետյաններին վերոնշյալ նախադասության բովանդակությամբ, բայց իրենք էլ գիտեն, որ երբ խոսում են ապաքաղաքական պետական իշխանության մասին, օլիգարխիայի սահմանումն են տալիս՝ բնականաբար հայրենանվեր և աստվածավախ օլիգարխիայի։
Ամեն ինչ սկսվեց «Եթե չհաջողվի ՔԱՂԱՔԱԿԱՆ գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին» տխրահռչակ բանաձևով, որում առնվազն հարց կարող էր առաջանալ, թե եթե մի բան քաղաքական չէ, ապա ի՞նչ է։
Հետո իհարկե հայտարարվեց, որ այդ ձևը «նոր ստեղծվող ՔԱՂԱՔԱԿԱՆ ուժն» է, որի նպատակներից մեկը, ուղիղ մեջբերում եմ՝ «ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ պետական իշխանություն» ստեղծելն է։ Բայց նպատակներից մյուսն էլ ներգրավելն է սփյուռքին՝ Հայաստանի այսօրվա կառավարությանն ուղղված այն քննադատությամբ, թե «երբ սփյուռքի ներկայացուցիչը ցանկանա խոսք ասել Հայաստանի ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ իրավիճակի, ավելի շատ՝ Հայաստանի ընդհանուր հասարակական* իրավիճակի մասին, նա պետք է այդ իրավունքը չունենա՞»։
Այսինքն ստեղծվում է քաղաքական նոր ուժ, որը ցանկանում է ապաքաղաքական դարձնել պետական իշխանությունը, որում կներգրավվի սփյուռքը, որը վերջապես կկարողանա ներքաղաքական իրավիճակի մասին կարծիք ասել։
* Այն կետում, որտեղ հեղինակը «քաղաքական» բառը փոխարինում է «հասարակական»-ով, երևում է, որ նկատում է իր ասածի անհետևողականությունը և ուրեմն շատ լավ գիտի, թե ինչ տնտեսական և քաղաքական համակարգ է առաջարկում վերականգնել»։