ՌԴ Պետդումայի նիստում պատգամավորը մասնակցել է 11 օրինագծերի քվեարկությանը, հետո հայտարարվել է նրա մահվան մասին

BBC-ի ռուսական ծառայությունը պարզել է, որ ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա»-ից պատգամավոր Միխայիլ Տարասենկոն հուլիսի 22-ին կայացած խորհրդարանական նստաշրջանում մասնակցել է 11 օրինագծերի քվեարկությանը։


Պետդումայի նյութերից հետևում է, որ Տարասենկոն մասնակցել է քվեարկությանը Մոսկվայի ժամանակով ժամը 12:29-ից մինչև 13:40-ը։ Դեպքերից 10-ում նա քվեարկել է «կողմ» և մեկ անգամ՝ «դեմ»։


Նույն նիստում Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Տարասենկոն մահացել է։ «Եկեք հարգենք մեր գործընկերոջ, ընկերոջ հիշատակը, որը մեզ հետ աշխատել է այս դահլիճում 2007 թվականից ի վեր», - ասել է Վոլոդինը (մեջբերումը՝ ՏԱՍՍ-ի)։ Դումայի խոսնակը հայտարարել է, որ Տարասենկոն «հիվանդ էր, ծանր հիվանդ, պարզվեց՝ հիվանդությունն ավելի ուժեղ էր»։


Ինչպես նշում է BBC-ն, Վոլոդինը Տարասենկոյի մահվան մասին հայտնել է այն բանից հետո, երբ Պետդուման ընդունել է ինտերնետում «ծայրահեղական նյութեր որոնելու» համար տուգանքների մասին վիճահարույց օրենքը։