ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը սոցցանվի իր էջում հիշեցրել է Սամվել Կարապետյանի՝ 2020 թվականի պատերազմի օրերին արված հայտարարությունը:
«Ազգասեր գործարա՞ր, թե՞ սեփական շահերով առաջնորդվող չեզոք դիտորդ
Քանի որ մեր իրականության մեջ սիրում են հերոսներ կերտել ու մոռանալ անցյալի անհարմար պահերը, կարևոր եմ համարում հիշեցնել մի հայտարարության մասին, որը շատերի ուշադրությունից վրիպել էր 2020 թվականի պատերազմի օրերին:
Այն օրերին, երբ Հայաստանը ենթարկվում էր զանգվածային հարձակումների, երբ մեր զինվորները սահմանին պաշտպանում էին երկիրը, և միջազգային հանրության մի շարք ներկայացուցիչներ հանդես էին գալիս աջակցության կոչերով, Սամվել Կարապետյանը՝ Կտրիճի, Սերժի ու Քոչարյանի սրտի օլիգարխը, սեպտեմբերի 29-ին հանդես եկավ մի հայտարարությամբ, որը, մեղմ ասած, տարակուսելի էր։
Ուշադրություն. իր նախագահած «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» անունից տարածեց հետևյալ հայտարարությունը․
«Կոչ եմ անում երկու կողմերին էլ վերադառնալ բանակցությունների սեղանին և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել՝ նոր զոհերից, այդ թվում նաև՝ խաղաղ բնակչության շրջանում, խուսափելու համար»։
Այս հայտարարությունն իրականում հավասարության նշան դրեց հարձակվողի և պաշտպանվողի միջև։ Այս խոսքերը կհամապատասխանեին որևէ չեզոք պետության կամ միջազգային դիտորդի դիրքորոշմանը, բայց երբ նման բան է ասում հայ գործարարը այն էլ պատերազմի բուն պահին, դա այլևս չեզոքություն չէ, դա դիրքավորում է, որն ակնհայտորեն չէր ծառայում հայկական շահերին։

Ես սա չեմ ընկալում որպես հայ գործարարի հայտարարություն. սա այլ երկրի շահերով առաջնորդվող գործչի հայտարարություն է։ Այս մարդիկ պնդում են, թե հայրենասեր են, բայց հենց ճակատագրական պահին նրանց խոսքը կամ լռությունն ավելի շատ օգնել է հակառակորդին, քան Հայաստանին։
Ի դեպ, համեմատության համար կցում եմ թե՛ այս հայտարարությունը, թե՛ համանման կոչ՝ արտահայտված Ճապոնիայի կողմից (որպես չեզոք պետություն), որպեսզի ամեն ոք տեսնի՝ երբ է չեզոքությունը տեղին, իսկ երբ՝ ոչ. սա էր երևի իրենց ձևը, թե բա`մեր ձևով»,- գրել է Մանավազյանը:

