«Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ. ԱԳՆ խոսնակ

«Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ:


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:


«Ֆանտաստիկա՞.


Այս՝ ժամանակին անհավանական ու ֆանտաստիկայի ժանրից թվացող սինխրոնությունն ակնհայտ երևում է «Россия сегодня»-ի և «Radio Liberty»-ի կողմից գրեթե միաժամանակ հրապարակված նյութերի ոչ միայն վերնագրերից ու բովանդակությունից, այլև նույնիսկ դրանց ուղեկցող լուսանկարների նույնական կոլաժներից։ Սա դժվար է համարել սովորական պատահականություն։


Ապատեղեկատվություն.


Նման հրապարակումներում արտացոլված «տեղեկություններն» իրականության հետ որևէ աղերս չունեն և մեր կողմից գնահատվում են որպես ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հիբրիդային պատերազմի մաս։


«Սյունիք».


«Ազատություն» ռադիոկայանը երեկ գերազանցեց ինքն իրեն՝ մոռանալով աշխարհագրության նվազագույն գիտելիքները և Հայաստանի Հանրապետության տարածքում փնտրելով գոյություն չունեցող տարածք, գոյություն չունեցող անվանումներ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում կա տարածք՝ «Սյունիք» անվանումով մարզ, դրանից տարբերվող տեղանունների կիրառումը կասկածի տակ է դնում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։


Պատահականությու՞ն.


Պատահականություն դժվար է որակել նաև այն, որ նմանատիպ նյութերը երբեմն հրապարակվում են՝ առանց նախապես պատշաճ ճշտելու դրանց բովանդակության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումը: Նույն օրը ռադիոկայանի կայքէջում հրապարակված մեկ այլ նյութում նշվում է «արտգործնախարարության խոսնակն այսօր անհասանելի էր» պնդում այն պարագայում, երբ խոսնակը բառացիորեն նույն վայրկյաններին անմիջական կապի մեջ է ԶԼՄ համապատասխան հրապարակումը համակարգողի հետ՝ ներկայացնելով Սյունիքի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ պաշտոնական դժգոհությունն ու նյութի հեռացման պահանջը։


Ի վերջո պրոֆեսիոնալիզմի և բարեխիղճ լրագրության պակա՞ս, թե՞ սովորական մանիպուլյացիա.


Հետևորդներին և այս գրառումն ընթերցողներին թողնում ենք սեփական ընտրության հնարավորություն, թեև մեզ համար պատասխանը պարզ է՝ բոլորը միասին։


Հ. Գ. Գուցե գրառումը հեռացնելու փոխարեն արժի դրա ազդեցության ու հետևանքների մասին մտածել նախապես»,- ասված է գրառմանը կից։


ԱԳՆ խոսնակը գրառմանը կից նաև սքրինշոթեր է հրապարակել:

1 / 3