Մայր Աթոռին նվիրաբերված Արարատի նախկին կինոթատրոնի ճակատագիրն անհայտ է, տարածքը՝ անմխիթար ու վտանգավոր

Արարատ համայնքում մինչև 2000-ականների սկիզբը գործել է «Ավարայր» կինոթատրոնը, այնուհետև, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, այդ տարածքը նվիրաբերվել է Մասյացոտն թեմին՝ Հայորդաց տուն կառուցելու նպատակով, սակայն մինչ օրս այնտեղ ոչ մի բան չի կառուցվել, և տարածքը վերածվել է մեծ աղբանոցի։


Մեզ հետ զրույցում Արարատի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանը տեղեկացրեց, որ   Արարատի քաղաքային համայնքը 2010 թվականին ժողովրդի ցանկությամբ, նաև ավագանու որոշմամբ «Ավարայր» կինոթատրոնի նախկին շենքի հարակից տարածքը տրամադրել է Հայ Առաքելական եկեղեցուն՝ Արարատ քաղաքում եկեղեցի հիմնելու նպատակով, և եկեղեցին արդեն իր նպատակին ծառայում է 2022 թվականից սկսած։


«Բարերար Արթուր Խաչատրյանի ցանկությամբ և ֆինանսական միջոցներով այդ ամեն ինչն իրականություն դարձավ, փառք Աստծու, Արարատ քաղաքը, որն ունի 108 000 բնակչություն, արդեն ունի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Երբևէ Արարատ քաղաքը հոգևոր կենտրոն չի ունեցել, հիմնականում օգտվել են Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցուց և նաև մեր տարածաշրջանի Խոր Վիրապ եկեղեցուց։ Այնուհետև կինոթատրոնի շենքն է նվիրաբերվել Մասյացոտն թեմին՝ Հայորդաց տուն կառուցելու նպատակով, և դա մոտավորապես տասը տարի առաջ»,- ասաց Արթուր Իսաջանյանը։


Արթուր Իսաջանյանը տեղեկացրեց, որ համայնքապետը դիմել է քաղշին, այստեղ սեսյմիկ փորձաքննություն է անցկացվել, և ըստ իր ունեցած տեղեկությունների՝ եզրակացությունն այն է, որ ամբողջ շենքը քանդման ենթակա է, քանի որ ունի լուրջ կառուցվածքային խնդիրներ։


Արթուր Իսաջանյանի խոսքով՝ այս առնչությամբ  Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը թե՛ գրավոր, թե՛բանավոր դիմումով դիմել է Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոսին, որպեսզի տարածքն առանձնացվի, ցանկապատվի, և նաև աշխատանքներ ու ներդրումներ կատարվեն, ինչի համար այն տրամադրվել է, սակայն անմխիթար վիճակն այնտեղ դեռևս շարունակվում է։


«Երկու անգամ նաև Արարատի քաղաքային կոմունալ տնտեսության բյուջետային հիմնարկի աշխատակիցների և բնակչության ջանքերով այստեղ մեծ սանիտարական մաքրում է արվել, շաբաթօրյակ ենք կազմակերպել, որովհետև տարածքն ահավոր աղտոտված վիճակում էր։ Ցավոք, մինչ օրս տարածքն առանձնացված չէ ցանկապատերով, որպեսզի հարակից տարածքում բնակվող բնակիչների երեխաները անվտանգ լինեն, որովհետև երեխաները հաճախ գալիս են այս տարածք, խաղում են և ամեն վայրկյան վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը։ Մենք պարբերաբար խնդրում ենք, դիմում ենք մեր հոգևոր հովիվներին, որ այդ հարցով մեր խնդրանքը փոխանցեն ղեկավարությանը, որպեսզի հասկանանք՝ ի վերջո ինչ է լինելու այս շենքի ճակատագիրը, և երբ է ծառայելու իր նպատակին, ինչի համար ավագանու որոշմամբ ժամանակին տրամադրվել է»,- եզրափակեց Արթուր Իսաջանյանը։


Սա իհարկե եկեղեցապատկան միակ տարածքը չէ, որ գտնվում է այսպիսի անմխիթար վիճակում, նմանատիպ կառույցները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բազմաթիվ են։ Եվ մենք շարունակաբար տեղեկություններ կներկայացնենք Հայ Առաքելական եկեղեցուն տարբեր ժամանակներում տրամադրված, նվիրաբերված տարածքների մասին, որոնք տարիներ ի վեր գտնվում են այնպիսի անմխիթար ու լքված վիճակում, ինչպիսին Արարատի նախկին կինոթատրոնի շենքն է։


 Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան