Civic.am-ը երեկ հոդված էր հրապարակել նախկին ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում դասավանդելու և նրա դասաժամերի ավելացման մասին։ Գրել էինք, որ համալսարանը ունի նոր CHSS Associate Dean՝ Վահրամ Տեր-Մաթևոսյան անունով, որը Սամվել Ֆարմանյանի մանկության ընկերն է, և որ նա է որոշում՝ ով դասավանդի, ով չդասավանդի, ով քանի ժամ դաս ունենա։
Մեր երեկվա հրապարակումից հետո եղան մի շարք արձագանքներ, և
պարզվում է, որ համալսարանն իր դռները փակում է մի շարք հեղինակավոր դասախոսների և
իրական պրոֆեսիոնալների առաջ, սակայն դասավանդման հնարավորություն, հավելյալ դասաժամեր
է տրամադրում նախկին իշխանություններին հարող գործիչներին։ Իսկ ահա նրանք, ովքեր ունեն այլ դիրքորոշում,
չեն սատարում նախկին քրեաօլիգարխիկ համակարգին՝ համալսարանում դասավանդելու ճանապարհը փակ է։
Վերջերս համալսարանում դասավանդելու հնարավորությունից է զրկվել ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը, համալսարանը
փակ է նաև այնպիսի բանիմաց մարդկանց առջև, ինչպիսիք են միջազգային հարաբերությունների
և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանը, իրավագետ Արտաշես Խալաթյանը։ Սոսի
Թաթիկյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացնում է, որ մի քանի անգամ դիմել է ՀԱՀ-ում
դասավանդելու համար, սակայն տարբեր պատճառաբանություններով մերժվել:
Իսկ ահա հակաիշխանական հայացքներով հայտնի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ Սերժ Սարգսյանի կարկառուն կադրերից, նրա նախկին ռեֆերենտներից Հովհաննես Նիկողոսյանը, Սիրանուշ Սահակյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարուժան Ավետիքյանը, որն այժմ էլ ընդգծված Սամվել Կարապետյան-ական է, ԼՂ նախագահի նախկին խորհրդական Էմիլ Բաբայանը, Արամ Առաջին կաթողիկոսի եղբոր տղան Արմեն Տեր-Կյուրեղյանը անխոչընդոտ դասավանդման հնարավորություն ունեն։ Պարզել ենք նաև, որ մի շարք դաշնակցական գործիչներ Ամերիկյան համալսարանի կառավարման խորհրդի անդամ են։
Փորձեցինք հենց համալսարանից պարզաբանում ստանալ, սակայն մեկնաբանության
փոխարեն ավելի ուշ ՀԱՀ-ն մեզ փոխանցեց համալսարանի պաշտոնական հայտարարությունը, որը ներկայացնում ենք մասնակի. «ՀԱՀ-ը հավասար հնարավորություններ ապահովող գործատու է և բաց
է դասախոսական հաստիքների համար դիմող համապատասխան ակադեմիական որակավորում ունեցող
բոլոր թեկնածուների համար՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։ Համալսարանն առանձնահատուկ
կերպով կարևորում է իր դասախոսական կազմի բազմազանությունը և հպարտ է այն հանգամանքով,
որ դասախոսական կազմը ներառում է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամներ։ Հնչել են մեղադրանքներ,
թե ՀԱՀ-ը հրաժարվում է աշխատանքի ընդունել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
անդամներին։ Այս մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ ՀԱՀ-ում տարիներ շարունակ աշխատել
են և շարունակում են աշխատել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ՝
ընդհուպ այն ժամանակաշրջանից, երբ այն ընդդիմադիր կուսակցություն էր։ Դասախոսների հետ
աշխատանքային պայմանագրերի կնքումը, վերակնքումը կամ դադարեցումը եղել է և շարունակում
է լինել բացառապես ՀԱՀ-ի իրավասության դաշտում՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից»։
Այդուհանդերձ, ըստ համալսարանի
հայտարարության, դոկտոր Ֆարմանյանի հրապարակումը,
որով նա քննադատում էր Հայաստանի Հանրապետության վարչապետին, դուրս էր քաղաքական քննարկման
սահմաններից և ներառում էր անձնական բնույթի վիրավորանքներ վարչապետի և նրա ընտանիքի
նկատմամբ, այդ թվում՝ վիրավորական մեկնաբանություններ նրանց արտաքին տեսքի վերաբերյալ.
«Թեև դոկտոր Ֆարմանյանն իր հրապարակման մեջ ներառել էր համալսարանի կողմից սոցիալական
մեդիայի հրապարակումների համար առաջարկվող հրաժարագիրը («Այստեղ արտահայտված տեսակետները
իմ անձնական տեսակետներն են և ոչ մի կերպ չեն արտահայտում Հայաստանի ամերիկյան համալսարանի
տեսակետը»), այդպիսի բովանդակությունը հստակորեն դուրս է ՀԱՀ-ի «Քաղաքական և կրոնական
գործունեության մասին» ներքին կանոնակարգի շրջանակից, և համալսարանը միանշանակ դատապարտում
է այն՝ համարելով ոչ պատշաճ»։
Հայաստանի ամերիկյան համալսարանի
պարզաբանման մեջ նաև նշվում է, որ յուրաքանչյուր կիսամյակ ՀԱՀ-ում դասավանդում է շուրջ
200 հրավիրյալ դասախոս, և համալսարանը պատասխանատվություն չի կարող կրել սոցիալական
մեդիայում նրանց կողմից դրսևորվող վարքագծի համար։