Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 30-ին այցելել է Առողջապահության նախարարության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության բուժառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին:
Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Աննա Չիլինգարյանի, տնօրենի խորհրդական Արմեն Հակոբյանի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, այդ թվում՝ վերանորոգված և վերջերս շահագործման հանձնված:

Մանրամասն ուսումնասիրվել են բաժանմունքներում ֆիզիկական զսպման սենյակները, կիրառվող զսպման միջոցներն ու ընթացակարգերը: Պաշտպանը քննարկել է նաև ոչ հոժարակամ բուժման, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման (հարկադիր բուժման) ընթացակարգերին առնչվող գործնական խնդիրները:
