Չարենցավանի բնակիչը համաքաղաքացու միջոցով ցանկացել է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ. ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ:


Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:


Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու ավտոտնակում: Առանձնացված հատվածի առաստաղի թաքստոցում հայտնաբերվեց «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ` լիցքավորված 34 փամփուշտով, նաև՝ մեթամֆետամինի նմանվող հետքերով երկու գլանակ ու վարորդական իրավունքի կեղծ վկայական: Խուզարկությանը ներգրավվել են նաև տեղի փրկարարները՝ ավտոտնակի դուռը բացելու համար։


Չարենցավանցի տղամարդը ձերբակալվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: