Կրեմլում չեն բացառել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումն այս շաբաթ

Կրեմլը չի բացառում այս շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորությունն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։


«Մենք չենք բացառում այդ հանդիպման հնարավորությունը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Ուիթքոֆը կարող է ՌԴ մեկնել այս շաբաթ՝ օգոստոսի 6-ին կամ 7-ին։


Դմիտրի Պեսկովը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է իր միջնորդական ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, ինչը շատ կարևոր է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում:


«Շարունակվում է երկխոսությունը, Միացյալ Նահանգները շարունակում է իր միջնորդական ջանքերն ուկրաինական հակամարտության կարգավորման ուղու որոնումների հարցում: Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում: Աշխատանքը շարունակվում է», - ասել է Պեսկովը:


ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Ուիթքոֆը Մոսկվա կժամանի օգոստոսի 6-ին։