ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր հրապարակվեց նոր ապա/քաղաքական ուժի հերթական հոլովակը։ Նարեկ Կարապետյանը մատերի վրա հաշվեց, թե իր կարծիքով ինչ են կարողանում անել քաղաքական գործիչները, որ չեն կարողանում անել ապաքաղաքական գործիչները։ Մասնավորապես նա ասաց․
1. «Նրանք կարող են լավ խոսել քաղաքականությունից։»
2. «Նրանք կարող են լավ թշնամանք ստեղծել կամ լավ հարաբերություններ ստեղծել հարևան երկրների հետ։»
3. «Նրանք կարող են խոսել, ներկայացնել։»
Ես չգիտեմ՝ ինչու էր պարտադիր երեք բան թվարկել, եթե երեք բան չկար թվարկելու։ Ամեն դեպքում առաջին և երրորդ կետերից հասկացանք, որ քաղաքական գործիչները կարողանում են խոսել, իսկ ապաքաղաքական գործիչները, ակնհայտորեն, չեն կարողանում խոսել։ Հույս ունեինք, որ նրանք կարողանում են հաշվել, բայց հաշվել էլ, փաստորեն, չեն կարողանում։ Ինչևէ։ Անդրադառնանք երկրորդ կետին, որովհետև գլխավոր միտքը դա է։
Նոր ապա/քաղաքական ուժը շատ ազնիվ ասում է․ մենք արտաքին քաղաքականությամբ չենք կարող զբաղվել, որովհետև մեկ այլ պետության ՏԻՄ՝ տեղական ինքնակառավարման մարմին դարձած Հայաստանին էլ պետք չի լինի սեփական արտաքին քաղաքականությունը ունենալ։