Քիշնևի դատարանը Գագաուզիայի ղեկավարին դատապարտել է 7 տարվա ազատազրկման. Կրեմլի արձագանքը

Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլը դատապարտվել է։ Քիշնևի դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2023 թվականի ընտրարշավի անօրինական ֆինանսավորման համար և դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են մոլդովական լրատվամիջոցները:


Մոլդովայի ընդդիմադիր «Շոր» կուսակցության նախկին քարտուղար Սվետլանա Պոպանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Մոլդովայի Գագաուզիայի ինքնավարության ղեկավար Եվգենիա Գուցուլի նկատմամբ դատարանի կայացրած վճիռը համարել է ընդդիմադիրների վրա ճնշում գործադրելու փորձ և քաղաքական դրդապատճառներով որոշում։


«Այո, սա իսկապես քաղաքական դրդապատճառներով որոշման օրինակ է, սա նախընտրական արշավի ընթացքում քաղաքական հակառակորդների վրա անթաքույց և, ըստ էության, անօրինական ճնշում գործադրելու փորձի օրինակ է»,- ասել է Պեսկովը։